211652_close_icon
views-count6142 դիտում article-date 14:03 03-08-2018

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով մեծ հաջողությամբ հանդես է եկել Չիլիում՝ երկրի մայրաքաղաքի Teatro Municipal de Santiago հեղինակավոր օպերային թատրոնում: Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-ն օպերային թատրոնում է ներկայացվել բոլորովին նոր և թարմ բեմադրությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն երկու տասնամյակ գործունեություն ծավալող առաջատար օպերային երգչուհին դեռևս միակ հայն է, ով հանդես է եկել Չիլիում: «Չիլի եմ մեկնել սեփական նախաձեռնությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից խորհուրդ հարցրի, թե ինչ կարող եմ անել, որպեսզի հանդես գամ այլ երկրներում, լսելի դառնամ ավելի մեծ շրջանակների: Օրբելյանը խորհուրդ տվեց Մոսկվայում լսումների մասնակցել: Այդ լսումներին գալու էին 10-12 երկրների թատրոնների տնօրեններ, մասնակցելու էին օպերային երգիչներ ամբողջ աշխարհից: Լսումներից հետո ստացա հրավեր՝ Չիլիում մասնակցելու «Տոսկա»-ի նոր բեմադրությանը»,-նշում է Լիլիթ Սողոմոնյանը: Օպերային երգչուհին փաստում է՝ Չիլիում հավաքվել էին տարբեր ազգերի ներկայացուցիչ արտիստներ: Արտիստը բացառիկ ջերմ վերաբերմունքի է արժանացել թե՛ թատրոնի ղեկավարության և թե՛ հանդիսատեսի կողմից: Փաստում է՝ Չիլիում անցկացրած 40 օրվա ընթացքում հանդես է եկել 3 ներկայացմամբ և բոլորն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճում. ընդ որում, Teatro Municipal de Santiago հասարակ դահլիճ չէ, այստեղ ժամանակին հանդես են եկել բազում մեծ աստղեր, ինչպես, օրինակ, Պավարոտին, Դոմինգոն և այլք: Օպերային երգչուհու ելույթներից հետո հանդիսատեսն իր հիացմունքն է արտահայտել հայ երգչուհուն՝ Տոսկայի դերերգի հրաշալի մեկնաբանության համար: Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհին փաստում է՝ նրա ելույթը շատ խորհրդանշական էր, քանի որ, թերևս, ինքը միակ երգչուհին է, որ Հայաստանում առանց փորձի հանդես է եկել Տոսկայի դերերգով: «Տոսկայի դերերգը շատ հոգեհարազատ է ինձ՝ թե՛ զգացողությունների, թե՛ կերպարի տեսանկյունից: Պուչինիի «Տոսկա»-ն իմ ամենասիրելի օպերան է»,-հավելում է Լիլիթ Սողոմոնյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր