Ավստրալիայի ռազմաօդային ուժերն առաջին մարտական թռիչքներն են իրականացրել Իրաքում
Ավստրալիայի ռազմաօդային ուժերն առաջին մարտական թռիչքներն են իրականացրել Իրաքում, սակայն նրանք հարվածներ չեն հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի զինված ուժերի հրամանատար Մարկ Բինսկինին:
Ավստրալիայի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ ավստրալական F/A18 («Հորնետ») գրոհիչ երկու ինքնաթիռներ երեկ օդ են բարձրացել ԱՄԷ-ում տեղակայված ավիաբազայից և Իրաքի տարածքում են գտնվել ընդհանուր առմամբ ավելի քան 7 ժամ՝ պատրաստ լինելով մտնել մարտի մեջ, սակայն նրանք չեն օգտագործել իրենց զինամթերքը և վերադարձել են բազա:
Սեպտեմբերի վերջին Ավստրալիան ԱՄԷ-ում գտնվող ավիաբազա է ուղարկել 8 ինքնաթիռ ու ռազմաօդային ուժերի 400 զինծառայող: Հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի կառավարությունն արտոնել է նրանց մասնակցությունն Իրաքում տարվող ռազմական գործողություններին:
Բացի այդ, Ավստրալիան Իրաք է ուղարկելու մոտ 200 հատուկջոկատայինի, որոնք կպատրաստեն իրաքյան բանակի կանոնավոր ստորաբաժանումներին ու հանդես կգան խորհրդատուի դերում: