Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ համատեղ Կերչի նեղուցի վրա կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը
Ուկրաինան դուրս է եկել Ղրիմի թերակղզու արևելյան հատվածում՝ Կերչի նեղուցի վրա, կամուրջ կառուցելու մասին Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Համապատասխան որոշումն ընդունել է Ուկրաինայի կառավարությունը:
Կառավարության անդամ Օստապ Սեմերակը հայտարարել է, որ համաձայնագիրը խզելու համար ուկրաինական կողմը կես տարի առաջ իրազեկել է Ռուսաստանին, ինչպես որ նախատեսում են այդ համաձայնագրի նորմերը, և այժմ իրենք բացարձակապես հանգիստ խզում են այն:
Ռուսաստանն ու Ուկրաինան Կերչի նեղուցի վրա կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը ստորագրել են 2010 թվականի ապրիլին: Այն ժամանակ պլանավորված էր, որ այն կկառուցվի նախքան Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը:
Ղրիմի իշխանությունների ներկայիս գնահատականով՝ կամուրջը պատրաստ կլինի միայն 2018 թվականին: Կերչի նեղուցի կառուցումը գնահատվում է 247 միլիարդ ռուբլի, որը հատկացվելու է Ռուսաստանի դաշնային բյուջեից: