Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողություններն անսպասելի են եղել ՆԱՏՕ-ի համար. Օբամա
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողություններն անսպասելի են եղել ՆԱՏՕ-ի համար և դարձել են լուրջ մարտահրավեր այդ կազմակերպության անդամ բոլոր երկրների անվտանգության համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` կապված Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հրաժեշտ տալու հետ: Օբաման ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հիմնականում Ռասմուսենի շնորհիվ կարողացել է պատասխան տալ այն անսպասելի ու լուրջ մարտահրավերին, որն ընդհանուր անվտանգության համար ստեղծել են Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները:
Օբամայի խոսքերով` Ռասմուսենը մեծ ներդրում է ունեցել նաև Աֆղանստանում, Բալկաններում ու Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմավարության մշակման գործընթացում, և նրա ղեկավարության ներքո ՆԱՏՕ-ն դարձել է ավելի ուժեղ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենին փոխարինում է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը: