45461 դիտում
12:05 27-09-2014
Ոսկու շուկայի սեփականատերը առաջին անգամ պատմում է, թե ինչպես է բանվորից միլիոնատեր դարձել, ինչու կատեգորիկ չի ընդունում քրեական հեղինակություններին, զզվում է մուրացկաններից, սպիտակ մեխակից բացի, էլ ինչով է կնոջ սիրտը գրավել և ավելին
Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմում է, թե ինչու են իրեն հրավիրել ոստիկանություն, ինչպես է բանվորից դարձել միլիոնատեր, ուսանողական տարիներին ինչ գումարներով է «Վոլգա 21» վարել, այսօր ինչ մեքենաներով է հայտնի, ինչ դժվարությամբ է ձեռք բերել նախկին Բաղնիքի շենքը, որից հետո «Ոսկու շուկա» դարձրել, ինչու կատեգորիկ չի ընդունում քրեական հեղինակություններին, սպիտակ մեխակից բացի, էլ ինչով է կնոջ սիրտը նվաճել, որդին ինչու է հանցագործության դիմել, ինչ հայտնի ընտանիքից են վերջերս հարս բերել, ինչ հավաքածուներ ունի, ինչու է սիրում ծաղիկներ նվեր ստանալ, ինչպես է մոտ ընկերը իրեն 550 հազար դոլար «քցել» և փախել, իրեն օգնության ձեռք մեկնելուց 30 տարի անց ում է ադամանդից մատանի նվիրել և ինչու թիկնազոր, վարորդ չի պահում, ինչ բացառիկ շուն ունի և ավելին…
[b]-Այսօր դուք քաղաքի հարուստ ընտանիքներից մեկն եք: Հաճա՞խ եք թերթում ձեր հուշերը: Թերթելով ու՞ր եք հասնում: Ի՞նչ ընտանիքում եք ծնվել և մեծացել, ո՞ր փողոցում, ի՞նչ պայմաններում և դժվարություններով, զրոյի՞ց եք հասել այսօր նրան, ինչ ունեք, թե՞ կռիվ եք տվել ստեղծածի համար:[/b]
-Նախ ասեմ, որ ունեցածիս համար կռիվ ենք տվել, քրտինքով ենք ստեղծել, գիշեր-ցերեկ ենք աշխատել ու ամբողջ ազգուտակով: Իմ մանկության բակը հենց քաղաքի կենտրոնում է եղել՝ Նար֊Դոս փողոցում՝ հին ստադիոնի մոտ: Ծնողներս ոչ պաշտոնյա են եղել, ոչ մեծահարուստ: Քրտինքով աշխատող մարդիկ են եղել: Ընտանիքում չորս երեխա ենք՝ երեք եղբայր, մեկ քույր: Ծնողներս մեզ դժվարությամբ են մեծացրել, բայց բոլորիս ուսումի են տվել: Մայրս 48 տարեկան հասակում է մահացել: Ճիշտ է, դժվարությամբ ենք մեծացել, բայց օրվա հացի խնդիր չենք ունեցել: Ինձ կյանքում շատ է օգնել ծնողներիս այն խորհուրդը, որ պետք է ազնիվ լինել և 24 ժամ աշխատել: Աշխատանքով քրտնելով՝ կհասնես ամեն ինչի: Մի բան էլ ավելացնեմ․ ես այնքան եմ աշխատել, որ հուշեր թերթելու ժամանակ էլ չի եղել: Օրինակ, ես մուրացկաններին չեմ խղճում և գումար չեմ տալիս, որովհետև անինքնասեր մարդկանց չեմ սիրում: Նրանք իրենց իջեցրել, հասցրել են ամենացածր մակարդակի: Բայց կարող են գոնե գնալ, պահակ աշխատել, համ մնալ, համ վաստակել, բայց չեն անում: Իսկ երբ մուրացկանությամբ փող են ուզում, ես արդեն նրանից զզվում եմ:
[b]-Մանկության սպիներ ունե՞ք, թե՞ ոչ: Բակում ինչո՞վ էիք առանձնանում մյուս երեխաներից: Կան դեպքեր, չէ՞, երբ ասում են՝ այս երեխան շատ հեռուն կգնա, ինչ-որ մի բանով տարբերվում է մյուսներից:[/b]
-Սպիներ բացարձակ չունեմ: Իսկ տարբերվում էի նրանով, որ մյուս երեխաների ծնողները միշտ ինձ մատնացույց էին անում: Ասում էին. «Նմանվի Վաղարշին և՛ սովորելով, և՛ ծնողներին ու փողոցի մեծերին լսել, հարգելով»: Հիմա էլ, երբ մեր բակի մեծերին, հին ծանոթներին հանդիպում եմ, ասում են՝ մենք գիտեինք, որ դու հաջողության կհասնես: Բայց ես փոքրուց կռվարար չեմ եղել, սիրել եմ, որ կլոր անկյուններ լինեն: Միշտ հաշտեցնողի դերում եմ եղել:
[b]-Իսկ ո՞ր տարիքից սկսեցիք աշխատել, ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը և ո՞ր աշխատանքը ձեզ հաջողություն բերեց:[/b]
-Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո անցա աշխատանքի: Սպորտային իրերի ֆաբրիկայում եմ աշխատել: Գնդակ կարող էի: Հետո գործարանի Կոմսոմոլի քարտուղար դարձա: Դրանով սկսեցի, հետեւաբար, դա է հիշարժան: Առաջին աշխատավարձս, երբ ստացա, տան համար պետք է սառնարան գնեինք և ես էլ իմ գումարով մասնակցություն ունեցա այդ գործին: Ես դեռ այդ տարիքից գիտակցում էի, որ մարդ ոչ թե ժամով պետք է աշխատի, այլ անընդհատ՝ 24 ժամ: Դրա արդյունքում ես հաջողության հասա: Միշտ աշխատել եմ ու հիմա էլ աշխատանքից եմ գալիս: Նորքում մի շենք ենք սարքում, այնտեղի տասներորդ հարկից իջել և եկել եմ: Անձամբ եմ հետևում աշխատանքներին:
[b]-Գիտեմ, որ չեք ծառայել: Ուսանողական տարիներին ինչո՞վ աչքի ընկաք: Ինչո՞վ էիք տպավորվել դասախոսների և ուսանողության շրջանում:[/b]
-Այո, կաֆեդրաների սաները չէին գնում ծառայության, դրա համար ես չեմ ծառայել: 1970 թ-ին ավարտել եմ ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ես արդեն բիզնեսով էի զբաղվում: Այդ ժամանակ արդեն ոսկի, բրիլիանտ էինք առնում-ծախում: Էժան առնում էինք, թանկ ծախում, բայց հատուկ մեխանիզմով, որի մասին չեմ խոսի: Ես շուկայի գործունեությունը կոմունիստների ժամանակից եմ ծավալել, որ երբ բռնեին, կդատեին, բայց դա էլ կարողացա շրջանցել: Այն ժամանակ չէր կարելի անել, բայց ես անում էի: Ուսանողական տարիքում ես արդեն «Վոլգա 21» եմ ունեցել: Մարդիկ մտածում էին, թե ոնց նստեն իմ մեքենան: Բայց ամենակարեւորը, որ ուսանողական տարիները տվեցին՝ գիտելիքն է: Այն տարիներին սովորում էինք: Այն ժամանակ «երկու» ստացողը ավելի շատ գիտելիք ուներ, քան հիմիկվա «հինգ» ստացողը:
[b]- Մեր զրուցակիցներն անկեղծացել են, որ իրենց կնոջը ծնողների հետ ծանոթացնելիս պարզվել է, որ հեռավոր ազգականն է, ամուսնացել են իրենց եղբոր կնոջ քրոջ հետ, փախցրել են: Դուք շարքը ի՞նչ հետաքրքիր պատմությամբ կավելացնեք: [/b]
-Ես նման փորձությունների միջով չեմ անցել: Պարզապես հանդիպել ենք եւ ընտանիք ստեղծել: Բայց դե ջանքեր գործադրել եմ նրա սիրտը նվաճելու համար: Հիշում եմ նրան նվիրած առաջին սպիտակ մեխակները: Բայց իմ հաղթաթուղթը նա էր, որ ես նրան չեմ խաբել: Իրեն ներկայացել եմ այնպես, ինչպես կամ: Գունավոր հեքիաթներ չեմ պատմել, ոսկե սարեր, որը հետո բետոնից պատ է դառնում՝ իր հետ մեծ հիասթափություն բերելով: Ես ոչինչ չեմ խոստացել, բայց այսօր ունի այն, ինչ ունի: Նրա համաձայնությունն էլ հեշտությամբ չստացա, բայց մեր ընտանիքը ստեղծեցինք եւ երջանիկ ապրում ենք: Երկու որդի ունենք, մեկին երկու ամիս առաջ ամուսնացրինք, մյուսին էլ պատրաստվում ենք:
[b]-Ի դեպ, ասացիք, որ ձեր տղային ամուսնացրել եք: Հայտնի՞ խնամիներ են։[/b]
-Այո՛, շատ հայտնի են նախ նրանով, որ երեք աղջիկները միանգամից են ծնվել՝ եռյակ են: Հետո, իրենց լավ մարդ լինելով: Մենք աղջիկ չենք ունեցել, բայց արդեն հանձինս հարսի, աղջիկ էլ ունենք:
[b]-Ասում են՝ ստեղծելն ավելի հեշտ է, քան եղածը պահելը: Համաձա՞յն եք։[/b]
-Ե՛վ ստեղծելն է դժվար, և՛ պահելը, և՛ ամեն ինչն էլ դժվար է: Բայց իմ հաջողության հաղթաթուղթը գիշեր֊ցերեկ աշխատելն է: Միայն ցերեկը աշխատելով հաջողության չես հասնի: Ծախսելու ժամանակ էլ պետք է հնարավորություններիդ համապատասխան ծախսես: Լինում են դեպքեր, երբ ավելի շատ են ծախսում, քան ակնկալվում է եկամուտը:
[b]-Օրինակ, դուք ոսկու շուկայի սեփականատեր եք, եւ ոչ միայն: Կա՞ մի բան, որ կցանկանայիք ունենալ, բայց ձեր հնարավորությունները չեն ներում:[/b]
-(Մտածում է): Չկա: Ես քչով բավարարվող եմ: Եթե քչով չբավարարվես, հնարավոր չէ շատով բավարարվես: Իսկ երբ քչով բավարարվում ես, այն քիչ-քիչ շատանում է: Նման ցանկությունից առաջ մտածում եմ՝ դրա հնարավորությունը ունենամ, թե ոչ: Օրինակ, չեմ մտածում Օպերայի շենքը գնելու մասին: Գիտեմ, որ չի լինի: Ինչի՞ նման ցանկություն պահեմ, որ գիտեմ՝ չի լինի ու ես կնեղվեմ:
[b]-Իսկ քաղաքում ինչպե՞ս հայտնի դարձաք: Ե՞րբ սկսեց ձեր անունը քաղաքում շրջանառության մեջ դրվել:[/b]
-Միանշանակ չեմ կարող պատասխանել, բայց իմ անունը վատով, ծեծուջարդով չի տարածվել: Երեւի Ոսկու շուկան արդեն հնչեղ է դրանով: Հետո, ես սիրուն մեքենաներ միշտ սիրել եմ: Ավտոտնակում մի քանիսը կան, ցույց կտամ: Ես Ռուսաստանում՝ Գելենջիկում՝ Սեւ ծովի ափին եմ աշխատել: Այնտեղ «ցեխեր», խանութներ եմ ունեցել: Այնտեղ նաեւ «բրիլիանտի» գործ էի անում: Հետո, երբ երեխաները մեծացան, որպեսզի այնտեղ ռուսական դպրոց չգնան, տեղափոխվեցինք Հայաստան: Այստեղ արդեն Բաղնիքի շենքը գնեցի, ու գնեցի քանդուքարափ, ավիրված վիճակում: Բայց շատ դժվար ու շատ թանկ առա:
[b]-Իրավապահների, քրեական հեղինակությունների հետ «մենամարտ» կար՞:[/b]
-Հա, դժվար էր: Բայց ես կատեգորիկ քրեական հեղինակությունների չեմ ընդունում: Ես իմ կարգի մարդկանց եմ ընդունում: Այդ ժամանակ նրանց հետ առնչություն եղել է, բայց ես իմ աշխատանքով կարողացել եմ այնպես անել, որ նրանց հետ ընդհարումները շրջանցեմ:
[b]-Իսկ մոտ մարդկանցից դավաճանություններ եղե՞լ են ձեր կյանքում:[/b]
-Այո, եղել են: Բոլորովին վերջերս մի տեղակալ ունեի: 550 հազար դոլարի ոսկի բանկից ստացավ եւ փախավ, որ պետք է բերեր, տար ինձ: Մինչեւ հիմա փնտրում են: Ինձ ամենից շատ ցավեցրեց այն, որ նա իսկապես դավաճանեց: Ինքը վարձով էր ապրում։ Նրան ես եմ գործի դրել եւ աստիճանաբար բարձրացրել եւ դարձրել ինձ տեղակալ: Չորս հարկանի տուն սարքեց, տունը լցրեց ու ինձ այդպես դավաճանեց:
[b]-Բնականաբար, լավություններ արած կլինեք: Իսկ ձեր կյանքում եղե՞լ են մարդիկ, որ ժամանակին ձեզ են օգնել, ինչի արդյունքում հաջողության եք հասել ու հաճախ եք հիշում նրանց:[/b]
-Այո, եղել են: Ռուսաստանում մի ընկեր ունեի, ինքն ինձ գործի մեջ օգնել է: Հետո, 30 տարի անց իմացել եմ, որ նա մահացել է, բայց կինը կա, եւ աղջիկ ունի: Ես նրանց հրավիրել եմ ինձ հյուր, այդ աղջկան ադամանդից մատանի եմ նվիրել: Այդ մարդը ժամանակին շատ լավ պայմաններում էր ապրում, բայց հետո պայմանները վատացել էին: Չէին վերցնում, բայց զոռով նվիրեցի: Ուզեցի, որ իրենց լավ զգան, որ իրենց պապան ինձ ժամանակին օգտակար է եղել:
[b]-Իսկ կյանքում ի՞նչ եք հասկացել՝ ոսկու փայլը «լու՞յս է տալիս», թե՞ «կուրացնում»: Նկատի ունեմ, որ հաջողությունը մարդուն փոխում է:[/b]
-Միայն լույս է տալիս: Դաստիարակված մարդու միշտ լույս է տալիս: Ոչ լիարժեք մարդկանց է, որ կուրացնում է:
[b]-Իսկ ձեր տղաները ոսկե երիտասարդության շարքի՞ն են դասվել, թե՞ ոչ:[/b]
-Իմ երկու տղաներին էլ այդպիսին չեն: Իմ տղաները, եթե մեր շուկայի հավաքարարի հետ «դուք»-ով չխոսեն, կնախատեմ, որովհետեւ ես էլ եմ նրանց հետ «դուք»-ով խոսում: Ես իմ աշխատողների հետ ընկեր եմ, գործընկեր եմ, հավասարը հավասարի հետ: Բոլորի նեղ օրվան, լեն օրվան հասնում ենք: Իմ երեխաները հղփացած չեն, դաստիարակված են:
[b]-Բայց ձեր տղաներից մեկի անունն էլ կրակոցներով հասցրեց հնչեղություն ստանալ: Հիմա էլ Ոսկու շուկայում բարձրացված դժգոհությունը, ասում են, իշխանություններին սիրաշահելու համար եք ցանկանում զսպել՝ նրա ազատության դիմաց:[/b]
-Նման բան չի կարող լինել, քանի որ իմ տղային 5 տարի դատապարտեցին եւ վաղաժամկետ ազատ արձակվեց: Անգամ ես այդ պատմությունն արդեն մոռացել եմ, որովհետեւ արդեն 5 տարի է անցել: Այդ պատմության պատճառն էլ նա էր, որ հարբած մարդիկ եկել, թքել էին մեր մեքենայի վրա: Տղայիս նախատինքներից հետո նրան հարվածել, գցել էին գետնին եւ ոտքերով սկսել խփել գլխին: Հետեւաբար, եղբոր կյանքը փրկելու համար մյուս տղաս գնացել էր հանցագործության։
[b]-Դուք քիչ բան չունեք: Շատերը թիկնազորով են պաշտպանվում, իսկ դու՞ք:[/b]
-Բացարձակապես չունեմ թիկնապահ եւ չեմ ընդունում: Անգամ վարորդ չունեմ, ես ինքս եմ մեքենան վարում: Ինչ-որ մեկի ներկայությունից ես նեղվում եմ: Իսկ, եթե ինչ-որ բան լինում է օրենքով, ես դատարանով եմ պաշտպանվում: Անգամ իմ տղայի հետ տեղ գնալուց եմ նեղվում:
[b]-Շատերը կարծում են, որ երջանկությունը, երազանքները կարելի է գնել ոսկով, գումարով: Դուք դրա հնարավորությունը ունենալով հանդերձ՝ ի՞նչ կարծիքի եք:[/b]
-Բիզնես հնարավոր է գնել, բայց բիզնես ունենալը դեռ երջանկություն չէ: Ավելին, բիզնեսը կարող է շատ հաջող լինել, եկամտաբեր, բայց մարդու երջանկությունը միայն ընտանիքում է՝ բալիկների եւ թոռնիկների հետ: Դա գնելով չի: Բայց, եթե ընտանիքն էլ են շահով ձեւավորում, այդ ընտանիքում էլ երջանկություն չի կարող լինել:
[b]-Իսկ բրենդամո՞լ եք, թե՞ ոչ: Եվ ի՞նչ հավաքածուներ ունեք:[/b]
-Ես լավատես եմ: Օրինակ, գնում եմ տեղական կոշիկներ, որոնք եւ որակով եւ դիզայնով ավելի լավն են: Դե, խոսքը մեր տեղական հայտնի ֆիրմաների մասին է: Տղաներիս էլ եմ ասում՝ գնենք մեր տեղականը, որ իրենք էլ հարստանան, գան, մեզանից ոսկի գնեն: Իսկ հավաքածուներից զենքերի եւ խմիչքների հավաքածու ունեմ: Բայց ես շատ բնական ծաղիկներ եմ սիրում: Ես հազվագյուտ ծաղիկներ ունեմ տան եւ բակում՝ չորսբոլորը, որ տեսնում եք, ես անձամբ եմ աճեցնում եւ մշակում: Ճանապարհորդությունների էլ, որ գնում եմ, ծաղիկներ եմ բերում, թեեւ օդանավակայանում մի շարք դժվարություններ են առաջանում: Շներին էլ եմ շատ սիրում: Շատ լավ շներ ունեմ: Աշխարհի ամենաարագավազ շունը Հայաստանում առաջինը ես եմ ունեցել: Նիհար, երկար շուն է, բայց վազելիս իր հետեւի ոտքերը առջեւի ոտքերից անցնում են: Նապաստակ, գայլ բռնելու համար էլ է օգտագործվում: Հիմա արդեն ձագեր ունի եւ նվիրում եմ:
[b]-Գիտեմ նաեւ, որ որսի սիրահար եք: Եղե՞լ է մի որս, որից հետո ձեզ մեղադրել եք, ձեր խիղճը ձեզ տանջել է:[/b]
-Այո, ես Որսորդմիության պատվավոր անդամ եմ: Բայց նման բան չի եղել, որ խիղճս տանջի, որովհետեւ ես այդքան ոչ թե բուն որսով եմ զբաղվում, այլ այդ մթնոլորտն եմ սիրում: Ես հիմնականում կաքավի եւ լորի որսով եմ զբաղվում: Մեծ որսերից էլ խոզ եմ որսացել: Ճիշտ է, ցանկացած բան որսալը մեղք է, բայց դե գառն էլ պահում են, մորթում, վաճառում են: Ի՞նչ տարբերություն՝ գառնե՞րը մորթես, թե՞ մեկ այլին:
[b]-Ձեր ապրած տարիների ո՞ր ժամանակահատվածն էր ձեզ համար ավելի հետաքրքիր: Մանկության երազանքները իրականացե՞լ են, թե՞ ոչ, ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք և ի՞նչը ձեզ է՛լ ավելի կերջանկացներ:[/b]
-Այո, ես երազում էի գործարար դառնալ եւ դարձա: Ինձ ոչ թե երջանիկ, այլ շատ երջանիկ մարդ եմ համարում: Բայց ինձ էլ ավելի կերջանկացնի թոռնիկներ ունենալը, բայց առաջինը աղջիկ եմ ուզում, որ սիրուն շորիկներ հագցնենք: Արդեն շորիկների գնումները սկսել եմ: Տղաներից արդեն հոգնել ենք: Մի քիչ աղջիկ սիրենք, հետո նոր տղա: Երեխա շատ-շատ եմ սիրում: Իսկ կյանքը ամեն օր է հետաքրքիր եւ բոլոր ժամանակահատվածները պարզապես կարեւոր է այդ պահին գնահատել: Ինչքան հասկանաս, այնքան հետաքրքիր կլինի:
-Շնորհակալ եմ: Եվ, քանի որ ձեզ բացարձակ երջանիկ լինելու համար միայն թոռնիկներն են պակասում, ցանկանում եմ, որ մեր մյուս հանդիպմանը ձեր թոռնիկներով շրջապատված լինեք:
Զրուցեց՝ [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
Հ.Գ․ Ի դեպ, Վաղարշ Աբրահամյանից հետաքրքրվեցինք նաեւ Ոսկու շուկայում առեւտրականների հետ ընդհարումների եւ տաղավարներ կոտրելու զարգացումներից: Նա խոստովանեց, որ իրեն հրավիրել են ոստիկանություն, բաց քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ հանցակազմ չկա:
«Ես իմ սեղաններն եմ կոտրել, պոկել, թափել մի կողմ: Մեջը ապրանք չի եղել, եթե լիներ, այդպես չէի անի: Իսկ իմ զայրույթի պատճառը, տեսեք, թե որն էր: Ես, ասում եմ, եկեք իրավաբանով գնանք կառավարություն, քննարկենք, բացատրենք, որ այս օրենքը լավը չէ: Չնայած ես ընդունում եմ, որ լավ օրենք է, բայց եթե դուք այդ կարծիքին եք, գրագետ ձեւով ձեր բողոքը արտահայտեք՝ բանակցային տարբերակով: Բացի այդ, ինչքան իրենք իրավունք ունեն, այնքան էլ ես: Ես 20 տարի գիշեր֊ցերեկ աշխատելով ստեղծել եմ այս բիզնեսը, բայց հիմա շրջվում, ասում է՝ շուկան փակ է, չի աշխատում: Գիտե՞ք, թե շուկան ոնց է: Ամենաշատը՝ 3 օր, եթե շուկան փակվեց, չաշխատեց, այն էլ չի լինի, նախկինի նման աշխատեցնելով՝ ընդհուպ կարող է փակվել: Ատոմակայանի նման մի բան է»,- ասաց Վաղարշ Աբրահամյանը:
Նա նաեւ նշեց, որ առեւտրականներին եւս մեկ առաջարկ է արել, որը մերժել են, ինչն էլ «լցրել է իր համբերության բաժակը»: «Սովորաբար յուրաքանչյուր սեղանիկ ընտանիքից մի երեք հոգի աշխատեցնում են՝ մարդ, կնիկ, երեխա: Ասացի, որ մեկը թող կանգնի, ապրանքը վաճառի, մյուսն էլ թող գնա միտինգի, տատուն էլ թող տանի, բայց մի հոգի մնա, որ սեղանիկն աշխատեցնի: Ասացին՝ ո՛չ, ինչից էլ իմ համբերության բաժակը լցվեց»,- պատճառաբանեց Ոսկու շուկայի սեփականատերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
9100 դիտում
21:51 09-06-2014
«Վաղարշ և որդիներ» Ոսկու շուկայի սեփականատերը երբեմն բարի գործեր էլ է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1291 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
844 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար