211652_close_icon
views-count1061 դիտում article-date 18:34 26-09-2014

Աճելու է Արցախի էներգետիկ անկախությունը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Քաշաթաղի շրջան՝ տեղի տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու և Լեռնահովիտ գյուղում մասնակցելու էլեկտրաֆիկացմանն ու դպրոցի վերաբացմանը նվիրված միջոցառմանը: Վարչապետը սկզբում այցելել է Աղավնո գետի վրա գործող չորս փոքր ՀԷԿ-երի տեղամասեր, որտեղ ծանոթացել է դրանց գործունեությանն ու արտադրական պայմաններին: Նա իր խոսքում ընդգծել է, որ ՓՀԷԿ-երի կառուցման ռազմավարության շնորհիվ վերջին տարիներին աճել է Արցախի էներգետիկ անկախությունը՝ հնարավորություն տալով կյանքի կոչել արդյունաբերական խոշոր ծրագրեր: Կառավարության ղեկավարը նշել է՝ «մինչև նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը միջինում արտադրվում էր տարեկան 90 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այդ ցուցանիշը կհասցնենք մինչև 220 մլն Կվտ/ժամի, իսկ արդեն 2015 թվականին՝ մինչև 300 մլն Կվտ/ժամի։ Էլեկտրաէներգիայի արտադրության 2018 թվականի մեր թիրախային ցուցանիշը տարեկան 500 մլն Կվտ/ժ-ն է։ Կանխատեսում ենք, որ 2018 թվականին էլեկտրաէներգիայի սպառումը տնտեսության զարգացման հաշվին չի գերազանցի 500 մլն Կվտ/ժ-ը։ Այսինքն՝ մենք մինչև էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացումը պետք է հասցնենք ավարտել նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ աշխարհում էներգակիրների թանկացում է սպասվում, և մենք, էներգետիկ անկախության շնորհիվ, հնարավորություն կունենանք խուսափել այդ թանկացումներից»։ Անդրադառնալով նոր ՀԷԿ-երի կառուցման նախագծերին՝ Ա. Հարությունյանը հավելել է՝ «Աղավնո գետի վրա կառուցված 4 հիդրոէլեկտրակայաններն արդեն աշխատում են, իսկ 5-րդը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ Առկա մեծ ներուժը հաշվի առնելով՝ առաջիկայում նախատեսում ենք Աղավնո գետի վրա կառուցել ավելի հզոր ևս 3 ՀԷԿ-եր: Հակարի գետի վրա սկսված է ժամում 6 մեգավատ հզորությամբ խոշոր ՀԷԿ-ի կառուցումը։ Ավելին, ծրագրում ենք այնտեղ ունենալ ևս 2-3 ՀԷԿ-եր։ Նմանատիպ ծրագրեր կան նաև Շահումյանի շրջանում, և, կարծում եմ, այս ամենը, էլեկտրամատակարարման օղակաձև համակարգի ստեղծման հետ մեկտեղ, հնարավորություն կտա 2018 թվականին հասնել վերը նշված թիրախային ցուցանիշին»։ Վարչապետը Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքում մասնակցել է դպրոցի վերաբացմանն ու գյուղի էլեկտրաֆիկացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը: Դպրոցը հիմնանորոգվել է ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Ա. Հարությունյանն իր շնորհակալական խոսքն է հղել կազմակերպության համահիմնադիրներ Ստեփան Սարգսյանին ու Նելլի Մարտիրոսյանին՝ նրանց պարգևատրելով վարչապետի հուշամեդալով: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Լեռնահովիտի բնակիչներին կրկնակի տոնի կապակցությամբ՝ շեշտադրելով, որ բացի դպրոցի վերաբացումից, նշանակալի իրադարձություն է նաև համայնքի էլեկտրաֆիկացումը: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել , որ համայնքի սոցիալ- տնտեսական և ժողովրդագրական զգալի առաջընթացի համար մեծ նշանակություն կունենան այդ երկու ձեռքբերումները։ Կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած ենթաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումներին և բնակիչների եկամուտների աճին՝ նրա ներուժն ավելին է, որի արդյունավետ օգտագործման համար տարվող աշխատանքները շարունակական են լինելու։ Ա. Հարությունյանը վարչապետի հուշամեդալներով պարգևատրել է նաև շրջանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած մի շարք քաղաքացիների: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր