Գյումրիի նախկին ոստիկանապետի որդուն պատկանող BMW X5-ով վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում BMW X5 մակնիշի 22 ՏԼ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ, 10-ամյա Արտյոմ Առաքելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Գյումրիի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի որդուն՝ Արտյոմ Մարտիրոսյանին:
***
13:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ վրաերթը կատարել է Գյումրիի նախկին ոստիկանապետի որդին՝ Ա. Մարտիրոսյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի