211652_close_icon
views-count126946 դիտում article-date 23:55 26-02-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. BMW X5-ը վրաերթի ենթարկվածին հիվանդանոց տեղափոխելիս՝ վթարի է ենթարկվել և մի քանի պտույտ գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի Աբովյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ վթարի է ենթարկվել BMW X5 մակնիշի 99 XX 996 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից , որից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ մեկին՝ Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սարգիս Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված BMW X5-ի վարորդը մեկ այլ՝ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացուն տեղափոխելիս է եղել հիվանդանոց, երբ վթարը տեղի է ունեցել: Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են նաև վրաերթ կատարած ավտոմեքենան: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհին կան մի քանի գերեզմանափոս հիշեցնող մարդաբոյ փոսեր և ճանապարհաշինարարները ոչ մի նախազգուշացնող ցուցանակ և արտաքին լուսավորություն չեն ապահովել և եթե բարեհաճեին ցուցանակների և լուսավորության խնդիրը լուծել, ապա հնարավոր է, որ վթարը տեղի չունենար, մինչդեռ պատկան մարմինները մտածում են միայն իրենց նստատեղերի և թափանների մասին: *** 27.02.2018 10։00 Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ВАЗ 2106 մակնիշի 34 FՍ 747 համարանիշի ավտոմեքենան վարել է 44-ամյա Տիգրան Գալստյանը, ով ժամը 22։20-ի սահմաններում Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Արտաշես Մովսիսյանին, որից հետո ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ վրաերթի ենթարկվածին առանց օգնություն ցուցաբերելու դիմել է փախուստի։ Որոշ ժամանակ անց Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արարատ Հարությունյանը իր վարած BMW X5 մակնիշի 99 XX 996 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին Արմավիրի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին՝ Նորապատ գյուղում, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով Ա. Հարությունյանը, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 51-ամյա Հրաչյա Կարապետյանը և «06»-ի կողմից վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «06»-ի վարորդ Տ. Գալստյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արմավիրի բաժին։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր