211652_close_icon
views-count1973 դիտում article-date 23:00 20-09-2014

Նոր կրթական միջավայրում` նոր կրթական ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են նախարար Արմեն Աշոտյանը և «Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Ասուլիսը նվիրված էր «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մեկնարկին, որի մասին օրեր առաջ ազդարարել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Ցանկանում եմ շեշտել, որ մեր հավակնությունները բացառապես հիմնված են մեր ունեցած հաջողությունների և այն համոզման վրա, որ առանց ժամանակակից և միաժամանակ հայկական կրթական համակարգի չենք կարող հավակնել, որ մեր տարածաշրջանում ուժեղ Հայաստան ենք կառուցելու: Բարձր գնահատելով Այբի գործունեությունը և փորձը, որի կենսունակությունը և արդյունավետությունն ապացուցված է, պետությունը պատրաստ է այն տարածել Հայաստանի ողջ տարածքով: Ծրագիրն անցնելու է գործողությունների մի քանի փուլ: Առաջին` «Այբ»-ն իր յուրահատուկ բովանդակությամբ անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց և պետք է ստանա միջազգային կրթական ծրագրի կարգավիճակ: Երկրորդ` տվյալ միջազգային հավատարմագրված կրթական ծրագրի բովանդակության հիման վրա վերապատրաստվելու են մանկավարժներ: Երրորդ` վերոնշյալ մանկավարժները մտնելու են դպրոցներ, որոնց ցանկը որոշելու է ՀՀ կառավարությունը: Դրանք առաջին փուլում` 3-5 տարի, լինելու են 12 ավագ դպրոցներ, որոնցից 10-ը մարզերում, երկուսը` Երևանում: Ծրագրի շրջանակում վերպատրաստվելու համար առաջնահերթություն կստանան հենց այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները, բայց դա չի լինի խոչընդոտ` այլ դպրոցների ուսուցիչների համար: Բացի այդ, ապագայում ծրագրում ենք բոլոր ավագ դպրոցներում ներդնել նոր կրթական ծրագրով դասավանդումը` հոսքային սկզբունքով: Ծրագիրն ամբողջությամբ համընկնում է մեր գերակայությունների հետ և դրա շրջանակում է ՀԲ-ի հետ նոր վարկային ծրագիրը, որի շնորհիվ վերանորոգվելու և վերազինվելու են 17-20 ավագ դպրոց: Այսինքն` նոր կրթական միջավայրում` նոր կրթական ծրագիր»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ վերոնշյալ ուսուցիչները կստանան հնարավորություն վաստակել առավել բարձր, մոտավորապես 400 հազար բազային աշխատավարձ: «Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ վերոնշյալ նախագծով մեկնարկում է երկարատև բարեփոխման ծագիր, որի նպատակն է Հայաստանում ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական պլատֆորմ և դրան համապատասխան ձևավորել ուսուցիչների սերունդ: «Ինչպես ՀՀ Նախագահն իր խոսքում շեշտեց, ապագայի մասին որևէ խոսակցություն առանց այդ ապագան ապահովող մարդկանց որակյալ կրթության, խոսելն անիմաստ է, իսկ այդ ռեսուրսի ապագան ուսուցիչների ձեռքում է: Պետք է ունենալ մրցունակ ուսուցիչների սերունդ: Այս ծրագրով չափազանց կարևորում ենք ուսուցչի դերը մեր հասարակությունում և կոչ անում երիտասարդներին` ընտրել մանկավարժությունը: Այն լինելու է լավ վարձատրվող և պատվաբեր մասնագիտություն: Դարեր շարունակ ուսուցիչը եղել է ամենահարգված մարդը մեր հասարակությունում, և մեր մեծերն իրենց տաղանդի մի մասը հատկացրել են ապագա սերնդի ձևավորմանը: Հայկական կրթությունը միշտ եղել է մրցունակ, և մեր ժողովուրդը գոյատևել է կրթության և հոգևոր արժեքներով»,-ընդգծել է նա: «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» իրականացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքի արդյունքում: Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել մանկավարժություն մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի` ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:
 Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց: Ծրագրի շրջանակում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:


Նմանատիպ նյութեր