5 մեդալ` հրաձգության աշխարհի առաջնությունից
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ն ընթացող հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությանը Հայաստանի հավաքական թիմն առայժմ նվաճել է 3 անհատական և 2 թիմային մեդալ:
10 մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդ տղաների պայքարում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ:
10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույնպես արժանացել է արծաթե մեդալի:
10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) տղաների պայքարում Ռազմիկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ:
10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց) և 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) վարժություններում տղաների թիմը՝ Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան, դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր:
Մեր մարզիկներն աշխարհի առաջնությանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ, իսկ նրանց մրցելույթներին հետևում և իր ներկայությամբ ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:00: