211652_close_icon
views-count1420 դիտում article-date 21:22 19-09-2014

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլին, ով Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում նաև պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դդ. գրված քնարական երգերով։ Ողջունելով և բարձր գնահատելով երգչուհու հայանվեր գործունեությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում Երևանում իրականացրած բարեգործական նախաձեռնությունների համար։ «Երևանը՝ որպես համայն հայության մայրաքաղաք, այսօր նաև՝ սփյուռքահայության համախմբման, մեկտեղման հյուրընկալ յուրօրինակ կենտրոն է դարձել։ Որպես Երևանի քաղաքապետ՝ ուրախ եմ, որ Ձեր բուն գործունեությամբ օգտակար լինելուց բացի, հանդես եք գալիս նաև բարեգործական օգտակար նախաձեռնությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հայկական երգարվեստի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում իրականացրած բարեգործական գործունեության համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստամբուլահայ երգչուհի Սիպիլ Բեքթորոսօղլուին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ «Շնորհակալ եմ այսչափ բարձր պարգևի համար, որն ինձ ստեղծագործելու նորանոր ուժեր կհաղորդի և կպարտավորեցնի նույնքան էլ բարձր պատասխանատվությամբ աշխատել։ Շնորհակալ եմ նաև Ձեր աջակցության համար, առանց որի չէի կարող իմ համեստ ձեռնարկումով օգտակար լինել Հայաստան հայրենիքիս մայրաքաղաքին։ Վերջերս թողարկած սկավառակս կոչել եմ «Սեր», որով ևս ցանկանում եմ իմ սերը հաղորդել հարազատ ժողովրդիս»,- նշել է երգչուհին։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր