211652_close_icon
views-count750 դիտում article-date 17:51 19-09-2014

Քննարկվել է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացման շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարանոց ծրագիրը

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր կազմակերպել էին “Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում” ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) Ծրագրի ավարտական աշխատաժողովը: Ծրագրի նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը իսկ խնդիրը՝ նպաստել արգելավայրերի ընդլայնմանը` ապահովելով ներկայիս պահպանվող տարածքներում էկոհամակարգերի առավել ընդգրկուն ներկայացվածությունը և առավել ակտիվ մոտեցում ցուցաբերելով կենսաբազմազանության պահպանության գործընթացում: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ ստեղծված “Խուստուփ” և ընդլանված “Զանգեզուր” պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար հեկտար, այսինքն Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը: Ըստ նախարարի, նորաստեղծ պահպանվող տարածքները ներառում են պահպանվող տարածքների համակարգում մինչ այժմ թերներկայացված լեռնային չորասեր տափաստանները և տափաստանային մարգագետինները, բարձր լեռնային ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը, որոնք հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերն են: Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ներքո Վայոց Ձորի մարզի Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքները որոշում են կայացրել ստեղծել “Գնիշիկ” պահպանվող լանդշաֆտը` 6 հազար հեկտար մակերեսով, որը համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող տարածքը կլինի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Խնդիրը վերջնականորեն կկարգավորվի ծրագրի շրջանակներում լրամշակված “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, որի նախագիծը դեռ 2013 թվականի մայիսին ներկայացվել է Ազգային Ժողով: Խոսքի ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման մեջ ներդրում ունեցած բոլոր կողմերիին և մասնակիցներին: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ տիկին Քլեր Մեդինան: Ներկայացնելով կատարված աշխատանքները և հիմնական ձեռքբերումները՝ “Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում” ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը տեղեկացրել է, որ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքների համակարգի ավելի լավ զինում, ինչը հնարավորություն կտա ներառել և պահպանել ներկայում թերի ներկայացված էկոհամակարգերը և դրանց կապակցված տեսակները: Համայնքային տարածքներում ծրագիրը ներդրում է ունենում լանդշաֆտների արդյունավետ կառավարման ապահովման գործընթացում, լուծում նաև սոցիալական խնդիրներ: Այն հզորացնում է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի ֆինանսական կայունությունը: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ Ծրագրի ընդհանուր բյուջեն, ներառյալ համաֆինանսավորումն ու ԳԷՀ-ի միջոցները, կազմում է 2.950.000 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր