Վալոն Բեհրամին վռնդվել է «Համբուրգ»-ի մարզումից
«Համբուրգ»-ի շվեյցարացի կիսապաշտպան Վալոն Բեհրամին հինգշաբթի օրը վռնդվել է գերմանական թիմի մարզումից: Ֆուտբոլիստը մասնակցել է մարզման առաջին տաս րոպեին, որից հետո թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ջո Ցինբաուերը աշխատանքին ոչ լրիվ նվիրվելու պատճառով շվեյցարացուն կարգադրել է հեռանալ մարզաբազայից:
«Եթե առաջին թիմի խաղացողները չեն տպավորում, ապա պետք է օգտվել երիտասարդների ծառայություններից: Ես ոչ մեկին չեմ խղճալու»,- բացատրել է Ցինբաուերը:
Նշենք, որ գերմանական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը դժվար օրեր է ապրում: Բունդեսլիգայի առաջին երեք տուրերից հետո «դինոզավրները» եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Ավելացնենք, որ 3-րդ տուրում «Հաննովեր»-ից կրած պարտությունից հետո ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկային: