1505 դիտում
17:33 16-09-2014
Հրապարակվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքս 2013թ-ը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի 17-րդ հրատարակությունը՝ տարածաշրջանում ակտիվ մեծաքանակ ոչ առևտրային կազմակերպությունների ընդգրկման համար: Այս տարվա հրատարակությունը ներառում է քաղաքացիական հասարակության զարգացումները 2013 օրացույցային տարվա ընթացքում: Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության համար ընդհանուր բարենպաստ միջավայրը՝ կենտրոնանալով իրավական դաշտի, կազմակերպչական կարողությունների զարգացման. ֆինանսական կենսունակության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների և հասարակական ընկալման վրա:
Հրատարակությանը նվիրված քննարկմանը մասնակցել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արտյոմ Գեղամյանը, ով ներկաներին է փոխանցել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքը: Նախարարի խոսքում մասնավորապես ասվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության առաքելությունը համագործակցության այս ձևաչափում արտահայտվում է երկու եղանակով` օրենսդրական և ինստիտուցիոնալ: Օրենսդրական իմաստով արժանահիշատակ են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են իրավաբանական անձանց գրանցման ժամկետների կրճատմանը, գրանցման ողջ գործընթացի դյյուրացմանը, էլեկտրոնային ռեգիստրի ներմուծմանը և այլն: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ Կառավարություն է ուղարկվել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների» հայեցակարգը:
Հայեցակարգում բացահայտվել են ՔՀԿ-ների բնականոն գործունեությանը և կայուն զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ, որոնց հետազոտման և վերլուծության արդյունքում առաջարկվել են հայեցակարգային լուծումներ: Բարձրացված հիմնախնդիրները մասնավորապես վերաբերում են քաղաքացիական հասարակության (ոչ առևտրային) կազմակերպությունների օրենսդրական դասակարգմանը (տեսակների), կամավորության ինստիտուտի հստակ օրենսդրական սահմանմանը, հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը, քաղաքացիական հասարակության կառույցների պետական ֆինանսավորման և դրամաշնորհների տրամադրման գործընթացների բարելավմանը, պետական դրամաշնորհների մասին առցանց տվյալների շտեմարանի ստեղծմանը, սեփական անունից առևտրային (ձեռնարկատիրական) գործունեության իրականացման հնարավորությանը, հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հանրային վերահսկողությանը և այլն:
Ինստիտուցիոնալ իմաստով քաղաքացիական հասարակության կայացման հարցում առանցքային քայլ է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի գործունեությունը: Հանրային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության գործող ինստիտուտների ներկայացուցիչների ներգրավումը հնարավորություն է տալիս օրակարգում ընդգրկել վիճահարույց հարցերի գործնական կողմերը: 2013թ. դրությամբ Հայաստանում գրանցված են եղել 3783 հասարակական կազմակերպություններ, 824 հիմնադրամներ և 287 իրավաբանական անձանց միություններ, որոնցից միայն 15ից 20% է ակտիվ գործում: Նշված տոկոսի ակտիվացման ու ավելացմանն է ուղղված ՀՀ արդարադատության նախարարության կողմից պարբերաբար անցկացվող հանրային քննարկումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մասնագիտական տարբեր հարցերի շուրջ:
Բոլորովին վերջերս, այդպիսի քննարկումներ անցկացվել են դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի և Դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին որոշումների նախագծերի, ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգի և մասնագիտական այլ հարցերի վերաբերյալ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության նման ձևաչափը հնարավորություն է տալիս ոչ միայն ՀԿ-ների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջև մտքերի փոխանակմանը, այլև խնդրո առարկայի շուրջ կառուցողական առաջարկությունների ձևավորմանը և ոլորտի հետագա զարգացումների համատեղ լուծումների որոնմանը: Այնուհետև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկա վիճակի ու առկա մարտահրավերների մասին զեկույցով հանդես է եկել ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Քարեն Հիլարդը՝ նշելով, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում հիմնականում զարգացած է, սակայն ամենամեծ խնդիրը ֆինանսական խնդիրն է:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության հետ նոր օրենք մշակելու ուղղությամբ, որով պետք է ամրապնդվի քաղաքացիական հասարակության կայունությունն ու զարգացումը: Քարեն Հիլարդը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ այդ ոլորտում ակտիվ համագործակցության համար: Իր ստեղծումից ի վեր քաղաքացիական հասարակության կայունության ինդեքսը կտրուկ վերափոխվել է. այն ընդլայնվել է՝ Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների 21 երկրի փոխարեն ներառելով ողջ աշխարհի տարբեր տարածաշրջանների ավելի քան 60 երկիր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
901 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21355 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու