211652_close_icon
views-count969 դիտում article-date 13:07 16-09-2014

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Բուլղարիայի ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի պատվիրակությանը

Սեպտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Հայ բարեգործական ընդհանուր միության Պլովդիվի մասնաճյուղի երկարամյա ատենապետ Ռուբեն Չավուշյանին, Բուրգասի Սուրբ Խաչ Եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ Սարգիս Կարաջյանին, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Անդրանիկ Շաքարիյանին, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոսին և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Հրաչ քահանա Մուրադյանին: ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Բուլղարիայում հայ գրականությունը թարգմանաբար հասանելի դարձնելու ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի ջանքերը: Կազմակերպության ուժերով վերջին տարիներին բուղարերեն են թարգմանվել և տպագրվել «Սասունցի Դավիթ» էպոսը, Հայ անձնանունների բառարանը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» մենագրությունը, Նահապետ Քուչակի ստեղծագործությունները և այլ գրքեր: Նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց սեպտեմբերի 19-20-ը կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովի կազմակերպչական խնդիրները: « Սփյուռքից այս համաժողովին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 1000 ներկայացուցիչ: Դա գերազանցում է նախորդ տարիների մասնակիցների քանակը, - նշեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կազմակերպվող այս համաժողովին շատ կարևոր է Հայրենիք-Սփյուռք համախմբվածությունը: Յուրաքանչյուր երկրում ապրող հայ ջանք ու եռանդ չպետք է խնայի Մեծ եղեռնի տարելիցն ըստ արժանվույն վերհիշելու և այդ երկրի իշխանությունների համար ընդունելի դարձնելու գործում: Ակնհայտ է, որ հայ համայնքները միևնույն ժամանակ խնդիր ունեն պայքարելու թուրքական հակաքարոզչության դեմ»: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի ատենապետ Ռուբենվ Չավուշյանը խոսեց Բուլղարիայի հայապահպանական խնդիրների մասին: Մասնավորապես անդրադարձավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի՝ բուլղարերեն թարգմանելու, ինչպես նաև հայկական դպրոցներում առկա խնդիրներին: «Շատ կարևորում ենք ՀՀ սփյուռքի նախարարոթւյան «Արի տուն» ծրագրին մեր պատանիների և աղջիկների մասնակցության ապահովումը, քանի որ այն Սփյուռքում հայապահպանության լավագույն միջոցն է», - նշեց Ռուբեն Չավուշյանը: Քննարկվեցին արևմտահայերենի պահպանության, հայերենի ուսուցիչների վերապատրաստման, համայնքային կյանքը կազմակերպելու առումով Ֆրանսիայի օրինակով Բուլղարիայում համակարգող խորհուրդ ստեղծելուն վերաբերող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարը Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ արեց առավել սերտացնել կապը Հայրենիքի հետ, մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, որոնք ուղղված են Սփյուռքի համայնքային խնդիրների լուծմանը:

Նմանատիպ նյութեր