2942 դիտում
22:56 12-09-2014
Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ 2014 թ. սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնը, որը կազդարարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբը:
Փառատոնը ներառում է 14 համերգային երեկո. սեպտեմբերի 16-ին նվագախմբի հետ հանդես կգա հանրահայտ դիջեյ Սուիչը (Միացյալ Թագավորություն): Փառատոնի ընթացքում նվագախումբը կհյուրընկալի այնպիսի ճանաչված երաժիշտների, ինչպիսիք են՝ ջութակահարներ Աննա Տիֆուն (Իտալիա), Նին Ֆենը (Չինաստան), Մոնե Հաթթորին (Ճապոնիա), աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնը (Գերմանիա), դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Իտալիա/Ուկրաինա), թավջութակահար Ֆիլիպ Հայըմը (Միացյալ Թագավորություն), հանրահայտ մեցցո-սոպրանո Մարիա Դոմաշենկոն (Ռուսաստան), դիրիժոր Էդեր Պաոլոզին (Բրազիլիա) և Ֆու Տոնգ Վոնգը (Չինաստան), ինչպես նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. Հ. Չեքիջյան), «Երևան» պետական փողային նվագախումբը (գեղ. ղեկ. Հ. Հովակիմյան), Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն:
Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը կշարունակեն արդեն ավանդական դարձած համերգները, որոնց ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնը վարպետության դասեր կանցկացնի հայ երիտասարդ ջութակահարների հետ, սեպտեմբերի 30-ին՝ հանդես կգա դաշնակահար Վահագն Պապյանի, իսկ հոկտեմբերի 1-ին՝ մենահամերգով:
Հոկտեմբերի 2-ին հանդես կգան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրները՝ Լուկա Մագարելլոն (թավջութակ/Իտալիա), Լիա Յակուպովան (ջութակ/Ռուսաստան), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր/Հայաստան), Պենգ Ցաոն (դաշնամուր/Չինաստան):
Փառատոնի ծրագրում կհնչեն Չայկովսկու, Շոստակովիչի, Խաչատրյանի, Բրիտտենի, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Դեբյուսիի ստեղծագործությունները, ինչպես նաև Դանիայի ազգային հիմնի թեմաներով Չայկովսկու «Տոնական նախերգանքի» և աշխարհահռչակ չինացի կոմպոզիտոր Ֆու Տոնգ Վոնգի հեղինակած սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերաները:
Առանձին համերգային ծրագրեր կնվիրվեն Վլադիմիր Բալյանի 90, Գեղունի Չթչյանի 85, Ավետ Գաբրիելյանի 115, Սոս Սարգսյանի 85, Գևորգ Վարդանյանի 90, Մկրտիչ Դաշտոյանի 100, Վլադիմիր Սպիվակովի 70, Արշիլ Գորկու 110, Երվանդ Քոչարի 115, Վազգեն Սարգսյանի 55, Յուրի Դավթյանի 85, Ռիմսկի-Կորսակովի 170, Գալուստ Գյուլբենկյանի 145, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադրման 90, Երևանի պետական համալսարանի 95, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության 70-ամյակներին:
Դեկտեմբերի 4-ին, փառատոնը կեզրափակվի կոմպոզիտորի ջութակի կոնցերտով նվագախմբի և ջութակահար Մայու Քիշիմանի (Ճապոնիա), 2-րդ բաժնում՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Մարիա Դոմաշենկոյի (մեցցո-սոպրանո/Ռուսաստան) մասնակցությամբ:
Փառատոնի հանդիսավոր բացման և փակման արարողությունները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգների սկիզբը՝ ժամը 19:00-ին:
Նմանատիպ նյութեր
6877 դիտում
23:38 07-10-2016
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը
1227 դիտում
15:48 06-06-2015
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրմին. լուսանկարներ
1939 դիտում
17:25 16-09-2015
Արամ Խաչատրյանի անվան փառատոնը կներկայացնի բացառիկ նախագծեր
Այս բաժնից
1234 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1528 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1633 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ