211652_close_icon
views-count3464 դիտում article-date 09:11 12-09-2014

ՀՀ գլխավոր դատախազի և ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի միջև լուռ հակասություննե՞ր կան. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ նախկին գլխավոր դատախազ, նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը կարծիք է հայտնել, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Մինչդեռ armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պահանջել էր Հովսեփյանից հրապարակել 10 մարդկանց սպանողների ցուցակը: «Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպեց լրագրողների հետ՝ առաջինն ավետելով, որ քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր պետականության և հասարակության մեջ: «Հավատացած և վստահ ենք, որ անկախ միասնական քննչական մարմնի ձևավորմամբ ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քննիչ անկախ լինի և ներկայացնի նախաքննություն իրականացնող մարմին՝ իր անկախության մեջ»: Լրագրողները հիշեցրեցին Հովսեփյանին իր ղեկավարած ոլորտում՝ դատախազությունում, առկա կոռուպցիոն երևույթների մասին, որոնց վերաբերյալ վերջերս խոսել էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հովսեփյանը փորձեց պաշտպանվել՝ միաժամանակ իրեն ապահովագրելով. «Դեռևս գլխավոր դատախազ աշխատած ժամանակ մշտապես նշել եմ, և այսօր էլ նշում եմ, որ դատախազությունն այն պետական մարմիններից է եղել, որտեղ համակարգված կոռուպցիոն երևույթները վաղուց վերացված են եղել: Իհարկե, ժողովրդի ասածի հետ համաձայն եմ՝ չկա գյուղ, որ շուն չլինի, և ես այդքան միամիտ չեմ, որ պնդեմ, թե ընդհանրապես կոռուպցիան վերացած է եղել և այսօր էլ վերացած է, որովհետև մշտապես հնարավոր են և կգտնվեն անձինք, որ գողություն կարող են անել՝ ընդհանուր սկզբունքներից դուրս»,- ապա թերթը հավելում է. «Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազի և ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի միջև լուռ հակասություններ կան: Եվ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Հովսեփյանը գնահատում դատախազության աշխատանքը, նա գեղեցիկ ձևով շրջանցեց. «Աշխատանքի գնահատականը կտա համագործակցության հետագա արդյունքները»: Ասել է թե՝ ըստ էության Հովսեփյանը Կոստանյանին պարտավորեցրեց ապագայում իր հետ լավ աշխատել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր