211652_close_icon
views-count795 դիտում article-date 11:53 09-09-2014

«Փյունիկ» միությունը նախաձեռնել է դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավական գիտելիքները զարգացնելու համար

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ մեկնարկել է իրավական թեմաներով մեկամսյա դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։Ծրագրին մասնակցում են 18-35 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սոցիալ-տնտեսական և զբաղվածության ծրագրերի համակարգող Խաչիկ Զաքարյանը նշում է, որ երիտասարդական հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։ «Հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր իրավագիտակ լինելու կարիք ունեն։ Մեր այս դասընթացի նպատակն է նպաստել հաշմանդամային իրավագիտակ համայնքի ձևավորմանը, որն էլ ակտիվորեն կմասնակցի հաշմանդամության հիմնահարցերին առնչվող որոշումների ընդունմանը, ծառայությունների սահմանման գործընթացին։ Ակնկալվում է, որ սեմինարներին մասնակցած երիտասարդները կդառնան բազմապատկիչներ և ստացած գիտելիքները հետագայում կփոխանցեն իրենց համայնքներում»,- նշում է Խաչիկ Զաքարյանը։ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում ինտերակտիվ դասընթացներ կանցկացնեն մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցողների սոցիալական իրավունքների մասին, մասնակիցները կծանոթանան հաշմանդամության հիմնախնդրին առնչվող ՀՀ օրենսդրությանը, կսովորեն CV, ծրագիր գրել, կտեղեկանան այն կառույցների մասին, որտեղ կարելի է ծրագրեր ներկայացնել և ստանալ ֆինանսավորում։ Դասընթացավար, իրավապաշտպան Լիանա Մանուսաջյան էլ, ով արդեն 5 տարի աշխատում է հաշմանդամություն, հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ և փորձում է ազգային ու միջազգային մակարդակներում բարձրաձայնել վերջիններիս խնդիրները, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը, նկատում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում և արտասահմանում գրեթե նույնն են։ Պարզապես Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք մեծ մասամբ չեն աշխատում, արտասահմանում ստեղծված են որոշակի պայմաններ նրանց աշխատանքի համար։ Շողիկ Սահակյանը դասընթացի մասնակիցներից է։ Նշում է, որ սովորելու կարիք իրենք միշտ էլ ունեն, և հույս է հայտնում, որ ստացած գիտելիքները կօգնեն թեթևացնել իրենց հոգսերը։ Ամենամեծ խնդիրը, ըստ Շողիկ Սահակյանի, զբաղվածությունն է։ Իր շատ ընկերներ էլ ունեն բուժման ու դեղորայքի խնդիր, ինչը հաճախ մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց։

Նմանատիպ նյութեր