Երևանում ոստիկանները կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանությունը
Այսօր՝ սեպտեմբերի 9-ի գիշերը, ոստիկանության ծառայողները կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ մի աղջիկ Հաղթանակ կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի ծառայողները, ովքեր քաղաքացիների օգնությամբ կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը:
Նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աղջիկը մշտական բնակության վայր չունեցող 19-ամյա Տաթևիկ. Հ.-ն է: