211652_close_icon
views-count1068 դիտում article-date 13:46 06-09-2014

Կապանցի փրկարարները քաղաքապետի կողմից արժանացան պատվոգրերի

Սեպտեմբերի 4-ին տոնական տրամադրություն էր ԱԻ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում, որտեղ աշխատակիցները նշում էին իրենց մասնագիտական տոնը: Օրվա առիթով Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ու մարզպետարանի ՏԻ եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն այցելեցին փրկարարական վարչություն, որտեղ կազմակերպվել էր տոնական հանդիսություն: «Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առիթով, մաղթում առողջություն, կամք, տոկունություն, ուժ, եռանդ ձեր անձնուրաց աշխատանքում, որը յուրաքանչյուրդ ընտրել է կամավոր՝ անտեսելով այն դժվարություններն ու մեծ պատասխանատվությունը, որ անհրաժեշտ է ձեզ` աշխատանքային ողջ օրվա ընթացքում», - իր ողջույնի խոսքում ասաց քաղաքապետը եւ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար համակարգի 15 աշխատողի պարգեւատրեց քաղաքապետի պատվոգրով: ԱԻ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջեց վարչության տարածքում եւ ծանոթացավ փրկարարական ժամանակակից տեխնիկային: Եղավ նաեւ վարչության մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ ընթանում են նորոգման աշխատանքներ` մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով: Շինաշխատանքների ավարտից հետո կենտրոնը պաշտոնապես կգործի ընթացիկ տարվա նոյեմբերից: Անդրադառնալով վարչության աշխատանքներին, գնդապետը նշեց, որ մարզի բնակիչների կողմից գնալով ավելանում է կանչերի թիվը. միայն օգոստոսին արձանագրվել է 120 կանչ, որից 98-ը հրդեհի դեպքեր են եղել: Վարչության պետը շեշտեց, որ մասնագետների կարիք չունեն, ապահովված են նաեւ փրկարարական ժամանակակից տեխնիկայով, իսկ առաջիկայում կլուծվի նաեւ լեռնային պայմաններում աշխատելու համար նախատեսված հատուկ տրանսպորտային միջոց ունենալու խնդիրը:

Նմանատիպ նյութեր