1560 դիտում
10:23 06-09-2014
Զիմբաբվեի լեգենդի հետաքննությունը. ովքե՞ր են Հայաստանին ծիրան աճեցնել սովորեցրել. տեսանյութ
Վերահսկիչ պալատի նախագահն այս շաբաթ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում հայտարարեց, որ ծիրան, դեղձ ու ընկույզ մշակելու համար «Հայկական միրգ» ընկերությունը Հայաստան է հրավիրել Զիմբաբվեում գործող մի կազմակերպության ու վճարել գրեթե կես միլիոն դոլար: Ինչն առաջացրեց դահլիճում գտնվող պատգամավորների զարմանքն ու հիասթափությունը:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել եւ ովքե՞ր են Զիմբաբվեից եկել Հայաստան, որ ծիրան աճեցնել սովորեցնեն: Իշխան Զաքարյանի հայտարարությունը թեմա դարձավ սոցիալական կայքերում ու ամենուր: Չէ որ ծիրանի երկիրը հենց Հայաստանն է, կես միլիոն դոլարով ի՞նչ պետք է սովորեցնեն հայերին:
«Հայկական միրգ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Այն ստեղծվել է 2011 թվականին կառավարության որոշմամբ: «Հայկական միրգ» ընկերության հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղական աղքատությունը եւ ավելացնել փոքրածավալ արտադրողների կարողությունները: Ընկերությունը կառավարում է տնօրենների խորհուրդը, որը ղեկավարում է Գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: «Հայկական միրգ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Հովեյանն այս պահին գտնվում է Իտալիայում: Նա գործուղման մեջ է իմացել Իշխան Զաքարյանի հայտարարության մասին ու զարմացել:
Բայց Վերահսկիչ պալատի նախագահի հայտարարությունը վերաբերում էր այն շրջանին, երբ տնօրենի պաշտոնում էր Ալվինա Ավագյանը: Երկու ամիս առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված Ալվինա Ավագյանը պնդում է, որ Իշխան Զաքարյանի հայտարարությունը ընդամենը շոու է:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից ընկերությունը գրանտ է շահել, բայց մեկ պայմանով. գումարը պետք է ծախսել խորհրդատվության վրա: Խորհրդատուն պետք է Հայաստանից չլինի: Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը հայտարարեց միջազգային մրցույթ, ընկերությունը նոր էր ու մրցույթ անցկացնել չվստահվեց: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի մրցույթի հայտարարությունները մայր կայքում չեն պահպանվել, բայց կայքերն արխիվացնող համակարգում պահպանվում են:
Մրցույթը շահել է ավստրալական «Մաք-Փերսոն Քոնսալթինգ Գրուպ» ընկերությունը: Այն զբաղվում է կրթական ծրագրերով ու խորհրդատվությամբ: Գրանցված է Ավստրալիայում, բայց ավելի ակտիվ գործունեություն է ծավալում Զիմբաբվեում: Հենց Զիմբաբվեում աշխատող գյուղատնտեսական մարկետինգի փորձագետ, բրիտանացի Էնդրյու Միլզին ընկերությունը գործուղեց Հայաստան եւ նա, ըստ պայամանգրի, զբաղեցրեց ընկերության փոխտնօրենի հաստիքը:
Ընկերության հիմնադիր տնօրենը Էդրյու Մակփերսոնն է, որն այս պահին փորձագետ Միլզի հետ Ավստրալիայի մասնաճյուղում է: Զիմբաբվեի մասնաճյուղը ղեկավարում է «Մաք-Փերսոն Քոնսալթինգ Գրուպ»-ի տնօրեն Ջուդի Ուարդը, նա հիմնադիր տնօրենի կինն է: Արմնյուզի հետ հեռախոսազրույցում Ջուդի Ուարդը հաստատեց, որ Էնդրյու Միլզին իրենց ընկերության փորձագետն է:
Բոլոր բանկային փոխանցումների քաղվածքները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից գումարը ստանալուց հետո, «Հայկական միրգ» ընկերությունը փողը փոխանցել է «Մաք-Փերսոն Քոնսալթինգ Գրուպ»-ի ավստրալական մասնաճյուղին, որից հետո գումարը փոխանցվել է Զիմբաբվեի մասնաճյուղին, որտեղից էլ վճարվել է փորձագետը: Այսինքն` փորձագետը չի վճարվել Հայաստանի բյուջեից: Նա Հայաստան է եկել ոչ թե ծիրան աճեցնել սովորեցնելու համար, ինչպես հայտարարել էր Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ-ում, այլ գյուղատնտեսությունը բիզնեսի վերածելու եւ գումար վաստակել սովորեցրելու համար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33251]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7377 դիտում
18:41 24-02-2019
Համաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4720 դիտում
16:01 14-10-2016
Թուրքիայի 19 նահանգներում թույլատրվել է կանեփ աճեցնել
Այս բաժնից
583 դիտում
16:44 03-12-2024
Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
577 դիտում
16:31 03-12-2024
Փաշինյանի հայտարարություններն իրենց բնույթով ապազգային են, հակապետական ու վտանգավոր. Դավիթ Անանյան