211652_close_icon
views-count1036 դիտում article-date 21:30 02-09-2014

ՀՀ կառավարության սերվերային տնտեսությունն ապահով ձեռքերում է

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված նախարարությունում ստեղծված ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնին: Անցյալ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ն ԱԻ նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ կենտրոնի ստեղծման, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբեր¬ման նպատակով: Նախագծի իրականացման համար 12,4 մլն դրամ է տրամադրել նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը: Սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը ստեղծվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմի դեպքում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ, կառավարման անխափան ընթացքը, անհրաժեշտ տեղեկատվու¬թյան պահպանման հուսալիությունն ապահովելու, արդյունավետ ու անվտանգ կիրառելու, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման և դրանց շահագործման բարելավման նպատակով: ԱԻ նախարար Ա. Երիցյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը` մշտական աջակցության համար. - Հիշում եմ, երբ առաջին անգամ այցելեցի ՎիվաՍել-ՄՏՍ ու տեսա ձեր սերվերային կենտրոնը, զգացի, որ մենք դեռ շատ բան ունենք անելու: Այսօր, երբ լուրջ ներդրումների շնորհիվ ստեղծվեց այս կենտրոնը, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր կողքին եք: Սա շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետև Աստված մի արասցե, եթե մի բան պատահի, մենք կարող ենք շարունակել այստեղից աշխատել: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում ընդգծեց ժամանակակից աշխարհում տեղեկատվական անվտանգության էական դերը. - Եվ որպես մարդ, և որպես գործարար` ես շատ եմ կարևորում տեղեկատվական անվտանգությունը և այդ գործընթացում երկարաժամկետ ներդրումների անհրաժեշտությունը: Դրա համար մենք էլ փորձեցինք մեր ներդրումն ունենալ այդ հարցում: Մենք հպարտ ենք ու մշտապես պատրաստ ձեր կողքին լինել ձեր բոլոր նախաձեռնություններում: ԱԻ նախարարությունում ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) ստեղծման աշխատանքները սկսվել են 2013 թ. ամռանը: ՀՀ ԱԻՆ վարչական մասնաշենքում, որը նախագծվել և կառուցվել է անվտանգության և սեյսմակայության բարձր պահանջներին համապատասխան, ստեղծվել և միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորվել են հատուկ ընտրված աշխատանքային ու օժանդակ տարածքներ, որոնք նաև ապահովվել են գերժամանակակից ենթակառուցվածքներով: Կենտրոնի անվտանգ գործունեությունն ապահովելու համար, համակարգը հագեցվել է պահուստային էլեկտրասնուցման՝ 150 կՎտ/ժ հզորությամբ գեներատորով և անխափան էլեկտրական սնուցման («UPS») համակարգերով, հովացման գերժամանակակից համակարգով, ինքնաշխատ ազդարարման, հրդեհաշիջման և տեսավերահսկման համակարգերով, միջավայրի պայմանների (խոնավության, ծխի, ջերմաստիճանի, փոշու և այլնի) վերահսկման ու առանձնացված հողանցման, ինչպես նաև մուտքի/ելքի թույլատվության էլեկտրոնային վերահսկման համակարգ:

Նմանատիպ նյութեր