211652_close_icon
views-count2131 դիտում article-date 16:00 31-08-2014

Այսօր ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծնունդն է

«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»,-գրել է Վիլյամ Սարոյանը: Հայ մեծանուն գրողը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...», լույս է տեսել 1934 թ-ին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին: Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»: Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939 թ-ին, հայ բեմում՝ 1961 թ-ին, Մոսկվայում՝ 1962 թ-ին), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939 թ-ին, հայ բեմում՝ 1981 թ-ին), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942 թ-ին, հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981 թ.), «Կոտորածն մանկանց» (բեմադրվել է 1952 թ-ին, հայ բեմում՝ 1986 թ-ին), «Քարանձավի մարդիկ» (բեմադրվել է 1957 թ-ին, Մոսկվայում՝ 1968 թ-ին), «Խաղողի այգին» (հայ բեմում՝ 1971 թ-ին), «Մի գավաթ բարություն» (հայ բեմում՝ 1994 թ-ին): 1942 թ-ին Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939– 1945 թթ.) և պատերազմը, ընդհանրապես, նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942 թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946 թ.) վեպում: 1950–60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում. ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան» (1953 թ.), «Հայրիկ, դու խենթ ես» (1956 թ.), «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (1957 թ.), «Տղաներ և աղջիկներ» (1963 թ.), «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում» (1964 թ.) և այլն: 1960 թ-ին նա վերադարձել է ԱՄՆ. գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Չառլի Չապլինին, Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Պաբլո Պիկասսոյին, Եղիշե Չարենցին և ուրիշների, ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935 թ-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում: Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները: Նրա անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թ-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:

Նմանատիպ նյութեր