Պուտինն ու Պորոշենկոն պայմանավորվել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամ» հաղորդմանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս-ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով կարգավորելու մասին, իսկ այնպիսի սխալներ, ինչպիսիք են՝ զավթումը, այլևս չեն կրկնվի, հաղորդում է ItarTass գործակալությունը:
«Ես կարծում եմ, որ սա մեզ բոլորիս համար շատ լավ դաս է, որպեսզի որքան հնարավոր է, շուտ վերջ դնենք այս ողբերգությանը, իհարկե, խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Մենք այդ մասին պայմանավորվել ենք Պետրո Ալեքսեևիչի հետ, ինչպես նաև այն մասին, որ ոչ ոք այլևս նման սխալներ թույլ չտա, ինչպիսին տեղի է ունեցել Ուկրաինայում իշխանությունը բռնի ուժով զավթելու միջոցով: Չէ՞ որ հենց դա է այն ամենի պատճառը, ինչ հիմա է տեղի ունենում»,-ասել է Պուտինը: