Ուկրաինան փակում է իր արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների մի մասը
Ուկրաինան պետության ծախսերը տնտեսելու նպատակով փակելու է արտասահմանյան իր մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունները: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի փոխղեկավար Վալերի Չալին:
«Ցավալի է, սակայն ստիպված ենք պետական միջոցները խնայելու նպատակով կրճատել արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը: Ստիպված ենք «ողջ-ողջ մորթել» գլխավոր հյուպատոսարանները և դեսպանատները: Շուտով ստիպված կլինենք նաև օպտիմալացնել այդ ներկայացուցչությունները»,-գրել է Չալին:
«ԵվրոՊրավդա»-ի աղբյուրները ևս հաստատում են այդ տեղեկատվությունը: Նրանց խոսքով՝ կփակվեն Եվրամիության մի շարք երկրներում Ուկրաինայի դիվանագիատական ներկայացուցչությունները: Չալին նշել է նաև, որ մոտ ապագայում կադրային փոփոխություն կլինի նաև դեսպանատներում: