211652_close_icon
views-count1930 դիտում article-date 20:56 29-07-2014

Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածի վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսին

Առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի բարելավման ու կատարված աշխատանքների թվային չուցանիշների դրական միտումներ են նկատվում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է նշված ոլորտների կիսամյակային ամփոփ արդյունքները։ 2014 թվականին 49 տոկոսով ավելացվել է Երևանի համայնքային բյուջեով առողջապահական ծախսերին հատկացված գումարը։ Այս տարի 165 մլն դրամ է ուղղվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար բուսարքավորումներ գնելուն և 3 համաբուժարաններում էլ՝ մասնակի նորոգում կատարելուն։ Բուժսարքավորումների համար նախատեսված 100 մլն դրամից մրցույթից հետո տնտեսվել է շուրջ 24 մլն-ը, 4 մլն դրամ էլ տնտեսվել է վերանորոգման 50 մլն արժողությամբ ծրագրի կատարումից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանը սոցիալապես անապահով բնակչության համար առաջին անգամ տոմոգրաֆիայի 15 մլն դրամ արժողությամբ թանկարժեք համարվող բուժծառայություն է գնել, որից արդեն օգտվել է 59 քաղաքացի։ «Առողջապահական համակարգում դեռևս խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած խնդիրներ ունենք, հետևաբար և՝ շատ անելիքներ, որպեսզի կարողանանք մեր բնակրչությանը որակյալ և մատչելի առողջապահական ծառայություններ մատուցել։ Ցավոք, ունենք հիմնարկներ, որոնք շահագործման օրից ի վեր չեն նորոգվել, չեն համալրվել սարքավորումներով։ Ծրագրով ձեռք է բերվել 14 անուն բուժսարքավորում. սա, իհարկե, բավարար չէ, հետևաբար, ծրագիրը շարունակական է»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ 2014թ. առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցային ծառայություններ մատուցող 8 բուժհաստատություններ է դիմել 10.974 քաղաքացի՝ 4 տոկոսով պակաս հաշվետու նախորդ ժամանակաշրջանի համեմատ։ Շտապօգնության սպասարկման կանչերի թվում հիվանդանոց տեղափոխվողների թիվը մեկ տոկոսով ավելացել է՝ 113.272 կանչի դեպքում 21.333 հիվանդ։ Մայրաքաղաքում տարեկան կիսամյակային համեմատությամբ 3 տոկոսով ավելի է ծննդօգնության ցուցանիշը. Այս տարի Երևանում արդեն 10.284 երեխա է ծնվել։ Անվճար դեղորայք ստացեղ քաղաքացիների թիվն էլ է ավելացել. 99.000՝ նախորդ առաջին կիսամյակի 96.450-ի դիմաց։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 23 համաբուժարաններ է դիմել 1 մլն 58 հազար 396 քաղաքացի։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ դիմելության նվազման համապատկերին ավելացել է քաղաքապետարանի կազմակերպած անվճար բուժսպասարկման ակցիաներից օգտվող քաղաքացիների թիվը, հետևաբար, ակցիան առողջապահականից բացի, նաև սոցիալական նշանակություն ունի։ Գարնանային «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժհաստատություններ է դիմել 26.144 կին, ինչը նախորդ տարիների ցուցանիշները գերազանցել է 2-4 անգամ։ «Ձեզ համար, կանայք»-ն այս տարի ընդգրկել է գրեթե բոլոր ոլորտները։ Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է հաջորդ ակցիային, որից, ի տարբերություն գարնանայինի, որից միայն կանայք էին օգտվում, կօգտվեն բոլորը: «Օգոստոսի 1-ից մեկնարկում է «Երևանյան ամառ» ծրագրի առողջապահական ենթածրագիրը, որը ներառում է վահանաձև գեղձի, սիրտ–անոթային հետազոտություներ և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ։ Ամառային ակցիան նախևառաջ ունենալու է կանխարգելիչ նշանակություն՝ այս հիվանդությունների վաղ հայտնաբերելուն է ուղղված, անհրաժեշտության դեպքում նախատեսված է և բուժում»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։ «Առևտրի և սպասարկման ոլորտում մշտական հսկողություն է սահմանված բացօթյա ապօրինի առևտրի, սգո ծառայություններ մատուցող օբյեկտների, գետնանցումներում իրականացվող առևտրի, գյուղմթերքների բոլոր 34 շուկաների և ապօրինի կայանատեղերի նկատմամբ։ Պարբերաբար միջոցներ են ձեռնարկվել ու ձեռնարկվելու՝ թերացուներն ու ապօրինությունները վերացներու նպատակով»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։ Ներկայում Երևանում գործում է գյուղմթերքի երկու տոնավաճառ։ Բանախոսի կարծիքով՝ այդ տոնավաճառները ձեռնտու են ինչպես երևանցիներին, այնպես էլ գյուղմթերք արտադրող գյուղացիներին։ «Պատրաստ ենք համագործակցելու Գյուղատնտեսության նախարարության հետ ևս և այն հասցեներում, որտեղ նոր պահանջարկ կլինի՝ կարող ենք բացել գյուղմթերքի նոր տոնավաճառ»,- նշել է Դավիթ Օհանյանը և կոչ արել երևանցիներին բացօթյա, հակահիգիենիկ պայմաններով գյուղմթերքի վաճառքի ապօրինի կետերից առևտուր չանել, չխթանել դրանց գործունեությունը: Քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հետևողական է և հայտնաբերված խախտումներով 630 արձանագրություն է կազմվել։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը հետևողական է նաև ժամը 24-ից հետո աշխատող ժամանցային օբյեկտների գործունեությանը. հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ ընդհանուր թվով 33, բարերի, գիշերային ակումբների և կարաոկե ակումբների համար կասեցվել է կեսգիշերից հետո աշխատելու թույլտվությունը։ 2014թ. շարունակվելու է գովազդային կրիչների արդիականացման ծրագիրը՝ համապատասխանեցումը քաղաքային ձևաչափին, իսկ բովանդակության առումով՝ «ՀՀ գովազդի մասին» օրենքին։ Օրենքին չհամապատասխանող 488 գովազդային միջոց է ապամոնտաժվել 2014 թ. առաջին կիսամյակում։ «Բոլոր տնտեսվարողներին տրվել է սահմանված ժամանակահատվածում ապամոնտաժման աշխատանքները իրենց նախաձեռնությամբ կատարելու հնարավորություն. այն տնտեսվարողները, ովքեր չեն օգտվել այս հնարավորությունից՝ տուգանվել են»,- նշել է Դավիթ Օհանյանը։ Այս տարի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ 3 վերգետնյա անցում է կառուցվելու՝ Կիևյան, Չարենցի փողոցներում և Թբիլիսյան խճուղում։ Անդրադառնալով նորարական տեխնոլոգիաներով ծրագրեին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն այս ուղղությամբ 46 ծրագիր է իրականցնում այս կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի 38-ի դիմաց։ Նոր գործիքներով է պարբերաբար համալրվում նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը՝ yerevan.am-ը։ Նորույթ է՝ կայքի տարածական–տեղեկատվական հարթակի համալրումը նոր՝ «street view» դաշտով, որը ինտեգրվում է 360 աստիճան դաշտին։ Ծրագիրը հիմնականում զբոսաշրջիկների համար է նախատեղված։ Դավիթ Օհանյանը որպես այս ուղղության ծրագիր ընդգծել է նաև անվտանգ քաղաք նախագծի մշակումը, որով Երևանի փողոցներում ու զբոսայգիներում առցանց համացանցային հեռարձակմամբ արդեն 70 տեսախցիկ է տեղադրվել։ Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև Հյուսիսային պողոտայի հիմնանորոգման ծրագրին։ «Այստեղ աշխատանքները չէինք կարեղ սկսել ո՛չ վաղ գարնանը, ո՛չ ուշ աշնանը. աշխատանքները մեկնարկեցին այն ժամանակ, երբ եղանակային պայմանները թույլ են տալիս։ 5 մլն դոլարի ներդրումով ծավալուն ծրագիր է իրականացվում պողոտայում. ամբողջ պողոտայի սալիկներնը փոխարինվում են գրանիտե և այլ բնական քարերի սալիկներով, այդ թվում՝ իտալական, մոտ 3 անգամ ավելանում է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվելու է պողոտայի կահավորանքը։ Հասկանում ենք, որոշակի անհարմարություն ենք ստեղծել, սակայն այն ժամանակավոր բնույթ է կրում։ Նշեմ նաև, որ թեև ծրագիրը ներդումային է, բայց ամբողջությամբ՝ սկսած էսքիզային աշխատանքներից մինչև նախագծային փաթեթը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետի հետ, և ամենօրյա անմիջական հսկողություն ենք իրականացնում կատարվող աշխատանքների որակի և ժամանակացույցի նկատմամբ։ Պլանավորված է աշխատանքներն ավարտել օգոստոսի վերջերին»,-նշել է Դավիթ Օհանյանը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր