211652_close_icon
views-count1337 դիտում article-date 09:53 24-07-2014

Պետական դիրքորոշման բացակայության հետևանքները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանի շահերին դեմ է Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը: Այդ հեռանկարը որակելով աննպատակահարմար, Զաքարյանն ասել է. «Ադրբեջանի պարագայում բարդությունները շատ ավելի մեծ կլինեն արտաքին քաղաքականության վարման առումով»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ընդամենը շաբաթներ առաջ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտաշես Գեղամյանը, Բաքվում հայտարարել է, թե ճիշտ կլինի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, և որ այդ դեպքում հեշտ կլինի նաև ԼՂ խնդրի լուծումը: Հիմա պարզվում է, որ այս սկզբունքային հարցի շուրջ իշխանության ներսում տեսակետները փոխվել են 180 աստիճանով: Բացի այդ, ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ տեսակետների փոփոխությունը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի արտահայտած «մտահոգության» շարունակությունն է: Բայց վերջնարդյունքում հասկանալի է, որ գործող իշխանության տեսակետները իրականում պայմանավորված են պահի տրամադրություններով կամ այսրոպեական մտահոգություններով, ինչը խոսում է ռազմավարական հարցերի շուրջ պետական դիրքորոշման բացակայության մասին: Համաձայն նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունների՝ Սերժ Սարգսյանը վերջին տասը օրերի ընթացքում աշխատել է ուղղակի «գերլարված» ռեժիմով: Նա 10 օրվա մեջ 2 ցավակցական և 2 շնորհավորական ուղերձ է հղել, 4 անգամ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներ ստորագրել: Բացի այդ, հասցրել է Ֆրանսիայի տոնի առթիվ լինել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, հետո` «Գիրքը» ֆիլմի պրեմիերային, Արմավիրում՝ նետաձգության առաջնության բացման արարողությանը և վերջ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր