Վարդավառի տոնին նվիրված հանդիսություն կանցկացվի Աշտարակում
Ս. թ. հուլիսի 27-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա Վարդավառի տոնին նվիրված հանդիսություն:
Միջոցառման սկիզբը ժամը 11:30-ին՝ Աշտարակի Կարմրավոր եկեղեցում, որտեղ տեղի կունենա Բերքի օրհնության արարողություն և մատաղի մատուցում: Այնուհետև, ծիսական երթ դեպի Պերճ Պռոշյանի տուն-թանգարան:
Թանգարանի մուտքի մոտ հանդիսականներին կդիմավորեն լարախաղացն ու ծաղրածուն՝ իրենց ավանդական արվեստով: Թանգարանի բակում Վարդավառի տոնի բեմականացումը կներկայացնի «Տոնացույց» ժողովրդական թատրոնը՝ ավանդական երգ ու պարով, ջրի պաշտամունքին նվիրված խաղերով:
Միջոցառումը կամփոփվի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի սաների համերգով: