211652_close_icon
views-count1135 դիտում article-date 15:28 21-07-2014

Արամ Ա կաթողիկոսը պարգևատրել է սիրիահայ գաղութի կյանքում մեծ ներդրում ունեցող 2 սիրիահայերի

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Վեհարանի դահլիճում «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով է պարգևատրել սիրիահայ գաղութի մշակութային ու ազգային կյանքում մեծ ներդրում ունեցող դոկտոր Հուրի Ազիզյանին (Հալեպ) և Հակոբ Ադամյանին (Լաթաքիա): Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Հանդիսությանը ներկա էին մտավորականներ, կրթական-մշակութային միությունների ներկայացուցիչներ և ազգականներ: Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը ներկայացրել է Հուրի Ազիզյանի մտավորական, ազգային և կրթական վաստակը, իսկ Տիար Ժիրայր Դանիելյանը խոսել է Տիար Հակոբ Ադամյանի գրական ու մշակութային ներդրումների մասին: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով սիրիական տագնապի պատճառով սիրիահայ գաղութի դիմագրաված դժվարություններից, նշել է. «Սիրիայի մեր գաղութը Օսմանյան պետության կողմից ծրագրված ու գործադրված Հայոց Ցեղասպանության արհավիրքը տեսել է ու գոյատևել: Հայոց Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի զավակները վերակազմակերպեցին ու ծաղկեցրին իրենց եկեղեցական ու համայնքային կյանքը՝ դառնալով սիրիական ընկերության անբաժան մի մասը: Իրենց արաբ եղբայրների կողքին նրանք կարեւոր ներդրում ունեցան ու շարունակում են ունենալ Սիրիայի վերելքների մեջ: Այսօր քաջատեղյակ ենք սիրիական հայրենիքի ներսում տիրող իրավիճակին: Սակայն, հակառակ առկա տագնապին ու նրա պատճառած վնասներին, սիրիահայությունը ամուր կառչած է մնում իր արմատներից ու ազգային արժէքներից»: Այնուհետ Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը հայտնեց Սիրիայի հայության հոգևոր ու համայնքային ղեկավարություններին, բարեգործական միություններին և Հայաստանի ու Սփյուռքի այն բոլոր գաղութներին, հոգևոր, պետական ու համայնքային պատասխանատուներին և, որոնք շարունակում են զորավիգ լինել Սիրիայի հայությանը: Նորին Սրբությունը շեշտել է. «Սիրիայի հայության վերականգնումը հրամայական անհրաժեշտություն է, և սա համազգային խնդիր է, ինչպէս հաճախ հիշեցնում ենք: Արդ, մեր սպասումն է, որ այս հանձնառությամբ մեր ժողովրդի զավակները գործնապես մասնակից դառնան Սիրիայի հայության վերականգնման աշխատանքին»: Իր խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դոկտոր Հուրի Ազիզյանին և Տիար Հակոբ Ադամյանին՝ Սիրիայի հայության ազգային-եկեղեցական ու մշակութային կյանքին իրենց բերած նպաստի համար և «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով պարգևատրեկլ նրանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր