211652_close_icon
views-count1403 դիտում article-date 10:19 21-07-2014

Աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին շնորհվել է Մայր Աթոռի պատվավոր մրցանակ

Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին: Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոնում ողջունեց Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` ուրախությամբ անդրադառնալով կինոփառատոնի արձանագրած հաջողություններին, տարեցտարի մասնակիցների թվի ավելացմանն ու աշխարհագրական տարածքի ընդլայնմանը: Սրբազան Հայրն ընդգծեց այն կարևոր առաքելությունը, որ կինոն ունի մարդու հոգևոր կյանքի զարգացման գործում, որի առաջամարտիկներից և քարոզիչներից է նաև կինոարվեստի նվիրյալ տիար Քշիշտոֆ Զանուսսին: Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով շնորհակալություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին մրցանակաբաշխության համար` շեշտելով Սբ Էջմիածնի մեծ դերակատարությունը մշակույթի և արվեստի տարածման գործում: Մեծարյալի կյանքին և գործունեությանն անդրադարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր տիար Դավիթ Մուրադյանը` շեշտելով, որ Քշիշտոֆ Զանուսսին ժամանակակից կինոյի փիլիսոփաներից է. մի մարդ, ով հավատում է հավիտենական արժեքներին և իր արվեստի միջոցով քարոզում դրանք: Նա կարևորեց նաև այն ջերմ և բարեկամական կապերը, որոնք լեհ կինոռեժիսորն ունի Հայաստանի և հայ մշակույթի հետ` մասնավորապես խոսելով մեծարյալի և 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մտերմիկ հարաբերությունների և վերջինիս արվեստի տարածման գործում նրա անգնահատելի ավանդի մասին: Ապա Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների բուռն ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին` մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում նշանակալի ավանդի համար: Մրցանակաբաշխությունից հետո իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց անվանի կինոռեժիսորը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը գնահատանքի և մշակույթի, կինոյի և հավատի միջև կամուրջներ ստեղծելու համար: Անդրադառնալով քրիստոնեության համամարդկային նշանակությանը` նա նշեց, որ քրիստոնեությունը ներշնչանքի և սիրո աղբյուր է, այն ապագան է և ոչ թե անցյալը` միաժամանակ հույս հայտնելով, որ Քրիստոսի սիրո վարդապետությամբ լուսավորված մարդն այսուհետև նույնպես պիտի շարունակի բարիք արարելու իր կարևոր առաքելությունը: Արարողության ավարտին իր հայրապետական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ անդրադառնալով շնորհալի կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությանը` Վեհափառ Հայրապետն ասաց. «Մարդուն շնորհված արարելու աստվածապարգև հատկությունը առավել չափով դրսևորվում է արվեստի ստեղծագործություններով, որոնցից է նաև զարգացման մեծ ճանապարհ անցած կինոարվեստը: Կինոն` որպես արվեստի ստեղծագործություն, բարձր և կարևորագույն առաքելություն ունի իր ներազդող հզոր միջոցով սերմանելու բարին ու գեղեցիկը մարդկային սրտերից ներս, կերտելու մարդու հոգևոր-բարոյական բարձր նկարագիրը, արտահայտելու նրա ներաշխարհի դրսևորումները` առաջադրելով արդի մարտահրավերների հաղթահարման ուղիներ և նպաստելով մարդկության ընթացքին դեպի խաղաղ, բարեգործ աշխարհ: …Մենք բարձրորեն գնահատում ենք Ձեր վաստակաշատ գործունեությունը կինոյի ասպարեզում: Վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերով, ռեժիսորական հիանալի աշխատանքով Դուք պատվավոր տեղ ունեք կինոասպարեզում: Խոհափիլիսոփայական ուշագրավ ստեղծագործություններով Դուք խոսում եք աշխարհի ու մարդկանց հետ, հորդորում աստվածապարգև կյանքը գնահատելու, երկրավոր այս ժամանակը զուր չվատնելու և աստվածահաճո գործերով արժևորելու: …Հայրապետիս համար գոհունակություն է նաև անդրադառնալ Հայաստանի և հայ կինոգործիչների հետ ունեցած Ձեր բարեկամական հարաբերություններին, որոնց հիմքը դրվել է դեռևս խորհրդային տարիներից: Այդ ժամանակաշրջանում Դուք նաև գովելի ջանքեր ներդրեցիք 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում: Կինորարվեստում պատկառելի Ձեր վաստակը այսօր Դուք հավելում եք կրթական բեղուն գործունեությամբ` մասնագիտական Ձեր բարձր գիտելիքները, հարուստ փորձառությունն ու հմտությունները փոխանցելով տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի կինոաշխարհի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին»: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը, կինոյի, մշակույթի գործիչներ և հյուրեր:

Նմանատիպ նյութեր