211652_close_icon
views-count1495 դիտում article-date 09:24 18-07-2014

Ռուսաստանի շուրջ «խավարը» խտանում է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Մոսկվայի մետրոյի աղետն էր, որը մարդկային կյանքեր խլեց, շատերին էլ հաշմանդամ սարքեց: Դրանից ավելի առաջ ռուս-վրացական, հետո՝ ռուս-ուկրաինական պատերազմներն էին, վերջինը դեռ շարունակվում է՝ նորանոր մարդկային զոհերի պատճառ դառնալով: Նախօրեին էլ պարզ դարձավ, որ միջազգային հանրույթն ընդլայնում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկն ու դրանց ենթակա ընկերությունների և անհատների ցուցակը: Իսկ երեկ էլ լուր ստացանք, որ Ռուսաստանի սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա, Ուկրաինայի օդային տարածքում աղետի է ենթարկվել Մալազիական ավիաուղիների մարդատար «Բոինգը», որի մեջ եղել է 295 մարդ: Մինչ տարբեր վարկածներ էին հնչում, թե ինչը կարող էր աղետի պատճառ հանդիսանալ, համացանցում տարածվեց մի ռուս «ահաբեկչի» ֆեյսբուքյան գրառումը, որը հպարտորեն հայտարարել էր, թե Տորեզի շրջանում ԱՆ-26 են խփել, և հեգնել էր. «Զգուշացրել էինք, չէ՞. մի թռեք մեր օդում»: Գրառումին կից լուսանկարն ու ժամը համընկնում էին մալազիական օդանավի աղետի տվյալների հետ: Եվ չնայած կատարվածից անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցներն սկսեցին հերքել, որ ինքնաթիռը ներքևից է խփվել, իսկ Պուտինն էլ ցավակցություն հայտնեց Մալազիայի վարչապետին, բայց ռուսական «հետքի» մասին խոսակցությունները գնալով տարածվեցին ու համոզիչ դարձան: Իհարկե, առաջիկա օրերին հետաքննություն կարվի, և սև արկղերի պարունակությունը շատ բան կհաղորդի կատարվածի մասին, բայց այն, որ Ռուսաստանի շուրջ «խավարը» խտանում է, անառարկելի է: Այս պետության ներսում, նրա շուրջ, նրա նկատմամբ չարաղետ մի իրավիճակ է ձևավորվում, և նրան հարողները ևս կարող են այդ կրակե «լավայի» տակ մնալ, եթե խելացի չլինեն և նախազգուշական միջոցներ չձեռնարկեն»:

Նմանատիպ նյութեր