Աշխարհի առաջնության ևս մեկ հաղթող ճանաչվեց Բունդեսլիգան. Հիտցֆելդ
Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը հայտարարել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող է ճանաչվել ոչ միայն Գերմանիայի հավաքականը, այլև Բունդեսլիգան:
« Եթե խոսենք լավագույն լիգայի մասին, ապա Բրազիլիայում հաղթեց Բունդեսլիգան: Այդ առաջնությունում հանդես եկող բազամթիվ խաղացողներ իրենց հիանալի դրսևորեցին Մունդիալի ժամանակ: Նույնիսկ Անգլիայում և Իսպանիայում հանդես եկող աստղերը զիջեցին նրանց:
Ընդ որում խոսքը ոչ միայն գերմանացի խաղացողների մասին է: Տեսեք, թե ինչ խաղ ցուցադրեցին Արյեն Ռոբենը, Շերդան Շակիրին կամ էլ Դանիել վան Բույտենը: Առհասարակ «Բավարիա»-ն հաստատեց իր բարձր կարգը: Այդ թիմի խաղացողները աշխարհի առաջնությունում ամենաշատ գոլերը խփեցին և դարձան ամենակարևոր խաղացողները»,- ասել է Հիտցֆելդը:
Հավելենք, որ բոլոր ցուցանիշներով Բունդեսլիգան գերազանցեց մյուս լիգաներին: Վիճակագրությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարում: