850 դիտում
13:09 04-07-2014
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ: Դրանք առավել կապված են մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի, արևի ուղիղ ճառագայթների ազդեցության, ինչպես նաև մի շարք վարակիչ հիվանդությունների` այս սեզոնին բնորոշ ակտիվացման հետ:
Ամռանը շոգի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ օրգանիզմի գերտաքացում, արևահարություն, սրտանոթային համակարգի հիվանդագին դրսևորումներ, մաշկի ախտահարումներ և այլն: Բացի այդ, ցավոք, շատ հաճախ մրգերն ու բանջարեղենը բավարար չեն լվացվում, ինչպես նաև շուտ փչացող սննդամթերքը պատշաճ ձևով չի պահպանվում։ Այս և մի շարք այլ գործոններով պայմանավորված, մեծանում է տարբեր հարուցիչներով դրանց աղտոտման վտանգը և օրգանիզմ ներթափանցելու ռիսկը։
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր)։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողները հեղուկներ ընդունելու, դրանց քանակի հետ կապված հարցերի շուրջ պետք է խորհրդակցեն բուժող բժիշկների հետ,
ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ,
կաթնամթերք, մասնավորպես` թան և մածուն, որոնք պարունակելով սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ` հագեցնում են ծարավը,
օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ քիչ սառը, որպեսզի ավելի լավ հագեցնեն ծարավը։ Չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել,
արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց,
այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,
Աղիքային վարակներից և բերանի խոռոչով օրգանիզմ թափանցող վարակիչ այլ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է.
խստագույնս հետևել ձեռքերի հիգիենային՝ հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո,
սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ,
սննդամթերքը պահպանել սառնարանում` պատշաճ ջերմաստիճանային պայմաններում,
գնել միայն թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի՝ լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:
խուսափել անհայտ պայմաններում պատրաստված սառույցի օգտագործումից,
չլողանալ բաց արհեստական ջրամբարներում, դեկորատիվ ջրավազաններում,
առավոտյան վաղ և երեկոյան ժամերին հնարավորինս պաշտպանվել միջատների խայթոցներից՝ օգտագործելով միջատներին վանող քսուկներ, պատուհանները և դռները պատել մանրավանդակ ցանցով,
խուսափել ոռոգման ջրով լվացվելուց, միմյանց վրա ցողելուց կամ լողանալուց:
Նմանատիպ նյութեր
6092 դիտում
22:59 22-03-2016
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
2736 դիտում
19:25 08-08-2016
Ինչ անել ջերմային հարվածի ժամանակ. ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
1560 դիտում
16:59 08-02-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս Բրազիլիա մեկնողներն պատվաստվել
Այս բաժնից
553 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
430 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
433 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել