211652_close_icon
views-count2586 դիտում article-date 19:25 08-08-2016

Ինչ անել ջերմային հարվածի ժամանակ. ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս

Լավ ինքնազգացողության, բարձր աշխատունակության և առողջության պահպանման պայմաններից մեկը օրգանիզմի ջերմակայուն վիճակի ապահովումն է: Մարդու ջերմային վիճակը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի ջերմակարգավորման ինքնակարգավորվող մեխանիզմների միջոցով: Ջերմակարգավորումն իրականացվում է ջերմագոյացման (քիմիական ջերմակարգավորում) և ջերմատվության (ֆիզիկական ջերմակարգավորում) պրոցեսների միջոցով: Մարդու ջերմակարգավորման համակարգի կենսաբանական հնարավորությունները սահմանափակ են, և տաք միջավայրում երկարատև գտնվելու պայմաններում օրգանիզմը չի կարողանում պահպանել ջերմային հավասարակշռությունը: Տեղի է ունենում ջերմության կուտակում օրգանիզմում: Եթե մարդը շարունակում է այս պայմաններում մնալ, ապա օրգանիզմում շարունակվում է ջերմության կուտակումը, որը հանգեցնում է օրգանիզմի գերջերմացման. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39°С, որը ուղեկցվում է գլխացավով, գլխապտույտով, ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով, փսխումով, դեմքի գերարյունությամբ (հիպերէմիա) և այլն: Այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել կյանքի համար: Ջերմային անբարենպաստ պայմաններում մնալն ավելի է խորացնում վիճակը և հանգեցնում ջերմային հարվածի. մարմնի ջերմաստիճանը հասնում է մինչև 40-41°С, նկատվում է գունատություն, բբերի լայնացում, մակերեսային շնչառություն, զարկերակային ճնշման անկում (ջերմային կոլապս), գիտակցության կորուստ, ծանր դեպքերում՝ նյարդահոգեկան խանգարումներ: Նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ. • նախ տուժածին պետք է դուրս բերել տվյալ տարածքից և տեղափոխել ստվերոտ և զով տեղ, • սառը թրջոցներ դնել արյունատար խոշոր անոթների շրջանում՝ թևատակ, պարանոց՝ մարմնի ջերմաստիճանը իջեցնելու նպատակով, • տուժածին տալ հեղուկներ և անմիջապես դիմել բժշկի:

Նմանատիպ նյութեր