211652_close_icon
views-count1319 դիտում article-date 13:01 04-07-2014

Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում: Խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Կարևորում ենք հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը: Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության»:

Նմանատիպ նյութեր