Եվրոպայի լիգա. «Շիրակ»-ն ու «Փյունիկ»-ի պարտվեցին ղազախական ակումբներին. տեսանյութ
Հայկական ակումբները շարունակում են իրենց անփառունակ ելույթները եվրագավաթներում: Եվրոպայի լիգայի 1-ին որակավորման փուլում պայքարի մեջ ներգրավվեցին Հայաստանի փոխչեմպիոն «Շիրակ»-ն ու գավաթակիր «Փյունիկ»-ը: Ցավոք սրտի, երկու ակումբներն էլ զիջեցին իրենց մրցակիցներին: «Շիրակ»-ը Գյումրիում վատ խաղ չանցկացրեց և արժանի դիմադրություն ցույց տվեց Կարագանդայի «Շախտյոր»-ին, սակայն Վարդան Բիչախչյանի սաները չկարողացան իրացնել իրենց գոլային պահերը, ինչի համար պատժվեցին: 71-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Տոպչագիչը, ով օգտվեց Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալից և գնդակը ուղարկեց հայկական ակումբի դարպասը: 83-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մրցակցի բարձրահասակ պաշտպան Մալին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: 85-րդ րոպեին «Շիրակ»-ը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 11 մետրանոցից աչքի ընկավ Սերժ Դեբլեն: Այդուհանդերձ գյումրեցիներին չհաջողվեց խուսափել պարտությունից:
Եթե «Շիրակ»-ը քիչ, թե շատ դիմադրություն ցույց տվեց իր մրակցին, ապա «Փյունիկ»-ը առանց, որևէ շանսի պարտություն կրեց ղազախական մեկ այլ ակումբից` «Աստանա»-ից: Երևանում կայացած խաղն ավարտվեց ղազախական ակումբի 4:1 հաշվով հաղթանակով: Եվրոպայի լիգայում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը` «Միկա»-ն մրցակցի հարկի տակ ուժերը կչափի խորվթական «ՌՆԿ Սպլիտ»-ի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Բանանց»-ը մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջել էր Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ին:
[b]«Շիրակ» - «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)`1:2[/b]
Գոլեր` Դեբլե 85’ (11մ) – Տոպչագիչ 71’, Մալիյ 83’
[b]«Փյունիկ» - «Աստանա» (Ղազախստան)`1:4[/b]
Գոլեր` Աղվան Պապիկյան 68’ – Նուսերբաև 40’, Ջոլիչև 67’, Ֆոքսի 71’, Կուրդով 84’
Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 10-ին: