211652_close_icon
views-count807 դիտում article-date 19:08 02-07-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԵԵՄ ներկայացուցչական ժողովի մասնակիցներին

Հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) ներկայացուցչական ժողովի առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մայր Աթոռ ժամանած երիտասարդական միությունների շուրջ վաթսուն ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպումն սկսվեց ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսի խոսքով, ով ներկայացրեց առաջիկա օրերին կայանալիք Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովի օրակարգը: Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն 2015 թ. Մայր Աթոռում գումարվելիք ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի նախապատրաստմանը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և միջթեմական երիտասարդական համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Սրբազանը վստահություն հայտնեց, որ ժողովը կնպաստի տարբեր թեմերի երիտասարդական կառույցների միջև կապերի առավել արդյունավորմանը և կզորացնի սերը և հավատարմության ոգին հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Ամենայն Հայոց Հայրապետը: Այնուհետև թեմերի երիտասարդ ներկայացուցիչներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ընդգծեց, որ երիտասարդների ներկայությունը եկեղեցական կյանքում առանձնակի ոգևորություն ու խանդավառություն է պարգևում` լավատեսություն ներշնչելով, որ Հայոց Եկեղեցին ապահով ձեռքերում է: Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց, որ աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ հայորդիները նախանձախնդիր ոգով ու նվիրումով, հավատարիմ իրենց հայրերի հավատքին ու սիրուն, գալիս են շարունակելու Հայ Եկեղեցու սրբազան առաքելությունը: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` երիտասարդությանը դեպի Մայր Եկեղեցի առաջնորդելու և նրա կապը Եկեղեցու հետ ամուր պահելու համար: Անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու և հայ հավատացյալի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց որոշ կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեության, ինչպես նաև Հայ Եկեղեցու հեղինակությունը վարկաբեկող հակաեկեղեցական ուղղորդված քարոզչության առիթով: Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց երիտասարդական խորհուրդների և միությունների գործունեությունը` միտված ազգային-եկեղեցական կյանքում նման անցանկալի երևույթների կանխարգելմանը և հոգևոր-ազգային արժեքների զորացմանն ու քարոզչությանը: Խոսելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀԵԵՄ ծրագրերի մասին` Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին իրենց երկրներում և համայնքներում ամենքին հաղորդ դարձնել Հայոց Ցեղասպանության իրողությանը` այդպիսով իրենց ներդրումը բերելով հայ ժողովրդի 20-րդ դարի մեծագույն ողբերգության համընդհանուր ճանաչման գործընթացին: Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը թելադրեց երիտասարդներին ավելի մեծ հանձնառությամբ գործել ի նպաստ ազգային-եկեղեցական շահերի պաշտպանության: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին ՀԵԵՄ առաքելության զորացմանն ուղղված ծրագրերին և հետագա անելիքներին:

Նմանատիպ նյութեր