1716 դիտում
20:50 25-09-2020
«Արցախը և արցախահայության իրավունքներն միշտ եղել և մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում». Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը
Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները, օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատգամավորներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ և ջերմությամբ է լցվում հոգին, երբ այցելում է Արցախ՝ ականատես լինելով արցախահայության քաջազուն ոգուն և անկոտրում կամքին՝ կերտելու Արցախի ազատ, ապահով ու բարօր կյանքը։ Հայոց Հայրապետն իր խոնարհումը բերեց բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, որոնց ջանքերով և հեղված արյամբ նվաճվեց Արցախի անկախությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախը և արցախահայության իրավունքներն ու խնդիրները միշտ եղել են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես անդրադառնալով դեռ խորհրդային տարիներին պատմական արդարության վերականգնման նպատակով երանջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ձեռնարկած քայլերին, Լեռնային Ղարաբաղ եկեղեցականների ծածուկ այցելություններին, որոնք նպատակ էին հետապնդում վառ պահել հավատի լույսը մեր ժողովրդի սրտում, անխաթար՝ ազգային ինքնությունը։
Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով և համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների և ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին, ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքների, զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից և նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը և համակարտության խաղաղ կարգավորմանը։ Ամենյան Հայոց Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի այս ուղղությամբ իր ջանքերը գործադրել։
Մասնավոր իր մտահոգությունն արտահայտելով վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ԱՀ իշխանություններին Արցախի թեմին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաև պատմական սրբավայրերի վերականգնման և նոր տաճարների կառուցման համար, որոնց թվում առանձնանում է Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցին։ Հայոց Հովվապետը մասնավոր իր գոհունակությունն արտահայտեց Արցախի հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման առնչությամբ՝ հավելելով, որ առարկայի միջոցով մատաղ սերնդի ինքնությունն է կերտվում, երեխաները հաղորդ են դառնում հոգևորին, նախնյաց հավատի գործերին ու ժառանգությանը, սեփական ինքնության ճանաչողության միջոցով տոգորվում այդ արժեքների տերն ու պաշտպանը, ծաղկեցնողը լինելու գիտակցությամբ։
Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով, անդրադարձ կատարեց պաշտոնական այցի արդյունքներին և ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածություններին՝ ուրախություն հայտնելով, որ այն ավարտվում է նվիրական Մայր Աթոռ այցելությամբ և Հայոց Հոր օրհնությամբ։
«Պատահական չէ նաև Ձեզ հետ հանդիպումը, որովհետև դարեր շարունակ Հայ Եկեղեցին ուրույն դերակատարություն է ունեցել մեր ազգի միասնականությունըպահպանելու ազգանպաստ գործում, և այսօր էլ մենք կարիք ունենք միասնական լինելու և ազգովի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու։ Այդ գործընթացներում անուրանալի է թե Հայոց Եկեղեցու և թե անձամբ Ձեր դերակատարությունը», - ասաց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար։
Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին և առաքելությանը՝ պրն․ Թովմասյանը խոսեց նաև իրավական անվտանգության կարևորության մասին՝ հաստատելով, որ Արցախը հաջողություն է արձանագրելու՝ թիկունքում ունենալով Հայաստանը և աշխարհասփյուռ ժողովրդին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ տվեց հանրությանը հուզող մի շարք հարցերի շուրջ Հայոց Եկեղեցու տեսակետների առնչությամբ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մաղթեց, որ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Արցախ աշխարհը՝ հավելելով, որ միայն ազգային միաբանությամբ ու միասնականությամբ է հնարավոր հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
19:15 12-11-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատվիրակությանը
1030 դիտում
12:21 14-11-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատվիրակությանը
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»