211652_close_icon
views-count1080 դիտում article-date 17:37 01-07-2014

Քաղաքաշինության նախարարությունը կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝ «Հայկական տուն» թեմայով

«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝ «Հայկական տուն» թեմայով, ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն»,- աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին: «Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երևանի գեղասահքի դպրոցը: «Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթին ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն և´ գյուղական, և´ քաղաքային բնակչության լայն խավերի պահանջներին: Մրցույթի գլխավոր նպատակը ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի ճարտարապետական դիմագծի բարելավումն է: Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռնի ՀՀ բազմաթիվ քաղաքացիների` իրենց կարիքների համար լայն ընտրության հնարավորություն ունենալ և տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ:

Նմանատիպ նյութեր