211652_close_icon
views-count754 դիտում article-date 17:30 25-06-2014

Երևանում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը

Երևանի Մանկական զբոսայգում տեղադրված «Խաղաղության քար» հուշաքարի բացման պատիվը վերապահված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոյին։ Ներկայացնելով հուշաքարի ծագումը՝ Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից է, որոնցից 188-ը ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են յուրօրինակ հուշաքարերի։ «Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր այստեղ հնարավորություն ունենք Հիրոշիմայի քաղաքացիների սրտի մասնիկը հասցնել հայ ժողովրդին, որը միջազգային հանրության շրջանակներում իր հետևողական անխոնջ ներդրումով նպաստում է խաղաղությանը։ Հիրոշիմայի բնակիչների ձեռքով յուրաքնաչյուր քարի վրա փորագրվել են խաղաղության համար աղոթող գթության աստվածուհի Կաննոնի պատկերը և «Հիրոշիմայի կողմից» («FROM HIROSHIMA») բառերը։ Քաղաքացիների մտահղացմամբ՝ 1991թ. քարերն սկսեցինք նվիրաբերել աշխարհի առաջնորդներին։ Այս սալաքարերը՝ միջուկային աղետի համր վկաները, կարծում ենք, յուրաքանչյուր երկրում կդառնան մարդկության համընդհանուր իղձերի ներդաշնակության, եղբայրության և խաղաղության ուղերձի ինքնատիպ կրողներ։ Շնորհակալ ենք ՀՀ նախագահին, ում հավանությամբ և աջակցությամբ Հիրոշիմայի խաղաղության քարը հայկական հողում՝ Երևանում սկսում է ապրել նոր կյանքով»,- նշել է Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոն։ Հուշաքարի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳՆ ԱՕԱ վարչության պետ Աշոտ Ոսկանյանը և Հիրոշիմայի խաղաղության քար ասոցիացիայի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամները, քաղաքացիներ։ ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ջերմորեն ողջունել է ճապոնական պատվիրակությանն ու ներկաներին և հատկանշել, որ 2012 թվականին ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած այցի արդյունքում առավել ամրապնդվել են հայ-ճապոնական հարաբերությունները, ապա նախանշել է դրանց էլ ավելի զարգացման միտումները՝ մասնավորապես ընդգծելով, որ 2015 թվականի սկզբին Երևանում նաև Ճապոնիայի դեսպանություն կբացվի։ «Այս զարգացումներն արդեն իսկ մեծ և դրական ազդեցություն են ունենում մեր երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ շփումների ակտիվացման վրա։ Խաղաղության քարի բացումը ևս մի խորհրդանշական քայլ է՝ ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը»,- նշել է ՀՀ նախագահի օգնականը։ Աշխարհի տարբեր երկրներ ուղարկվող հուշաքարերից մեկն ընդունելու և հատկապես Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում տեղադրելու համար Հիրոշիմայի քաղաքապետի շնորհակալական ուղերձին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել մեծ խորհրդով այս քարերից մեկը Երևան ուղարկելու համար։ «Ուրախ եմ, որ Երևանը նույնպես այդ մայրաքաղաքների, քաղաքների շարքում է։ Հայ ժողովուրդն իր կենսագրության ընթացքում բազմաթիվ կորուստներ է ունեցել, արհավիրքներ տեսել, ողբերգություններ ապրել և առավել քան գիտի խաղաղության գինն ու արժեքը։ Այսօր էլ հայ ժողովուրդը իր ջանքերն է ներդնում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Միջոցառումն ավարտվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ ճապոնական հանրահայտ «Հայրենիք» երգի կատարմամբ։ Խաղաղության քարին երեք լեզուներով գրված է Հիրոշիմայի բնակիչների խորհրդանշական պատգամը, որտեղ ասված է. «...Դասեր քաղելով մեր տառապանքից և առաջնորդվելով մեղքի զգացումով, որ մենք ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքն անցած այլ ազգերի հանդեպ՝ մեր սահմանադրությամբ հավաստեցինք այսուհետ երբեք այլ երկրների նկատմամբ ագրեսիա չիրականացնելու մեր վճռականությունը։ Մենք նվիրաբերում ենք այս սալաքարերն աշխարհի ժողովուրդներին՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի անպատերազմ աշխարհում ապրելու մեր ընդհանուր իղձը, աչքի առաջ ունենալով Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությունը՝ որպես հիշեցում խաղաղության կարևորության մասին»։

Նմանատիպ նյութեր