ԱԺ փոխնախագահն այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան
                        ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելեց  Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, մտերմիկ զրույց ունեցավ հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին: 
  	
Զարուհի մայրիկը հպարտությամբ ու գոհունակությամբ էր պատմում հայրենիքի հանդեպ որդու անմնացորդ նվիրումի ու ազգանվեր գործերի մասին: Նա հուզմունքով հիշեց նաև Վարդանի խնդրանքը, որ եթե պատերազմի դաշտից ինքը չվերադառնա, թող մայրն այնպես անի, որ սերունդները  կրթվեն ու դաստիարակվեն իր թողած գրքերով:
«Պատերազմի դաշտում Վարդանը իր անձնական օրինակով կենդանի լեգենդ էր, ետմահու էլ նա շարունակում է ապրել ու ծառայել իր ժողովրդին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
 
ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց համակողմանի աջակցություն ցուցաբերել տուն-թանգարանին:
                                            
                    
                                            
                        
            

