211652_close_icon
views-count6337 դիտում article-date 17:43 21-06-2014

Աշխարհի առաջնություն, որը ֆավորիտներ չի ճանաչում

2014 թվականի աշխարհի առաջնությունը առաջին հերթին առանձնանում է իր անկանխատեսելիությամբ: Առաջնություն, որն այնքան լի է անակնկալներով, որ դրանք կբավականացնեին մի քանի մունդիալների համար: Չնայած դեռ խմբային փուլը չի ավարտվել, բայց առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներց մի քանիսն արդեն հավաքել են իրենց ճամպրուկները: Խոսքը, առաջին հերթին, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի մասին է, որը խմբային փուլի առաջին տուրում նախ 1:5 հաշվով զիջեց Հոլանդիայի ընտրանուն, իսկ երկրորդ խաղում «համարձակվեց» 0:2 հաշվով պարտություն կրել նաև Չիլիի հավաքականից: Մեծ հիասթափություն ապրեցին նաև աշխարհի ամենաֆուտբոլային երկրի` Անգլիայի հավաքականի երկրպագուները: Ֆուտբոլի նախահայրերը վերջին անգամ նման ձախողում էին ունեցել հեռավոր՝1958 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ միևնույն խմբում էին ընդգրկվել ԽՍՀՄ-ի, Բրազիլիայի և Ավստրիայի հավաքականների հետ: Մեծ անակնկալների շարք գրանցվեց, այսպես կոչված, «մահվան» խմբում, որտեղ ընդգրկված են Ուրուգվայի, Իտալիայի, Անգլիայի և Կոստա-Ռիկայի հավաքականները: Որքան էլ որ զարմանալի թվա, բայց այս խմբի հաղթող ճանաչվեց ի սկզբանե հետնապահ համարվող Կոստա-Ռիկայի ընտրանին, որը չի դադարում ապշեցնել իր ելույթներով: Չափանիշներով համեստ թիմը իր թիկունքում թողեց աշխարհի չեմպիոնի՝ միանգամից երեք հավակնորդների, որոնցից միայն մեկին կհաջողվի երկրորդ տեղով դուրս գալ 1/8 եզրափակիչ փուլ: Խմբային փուլի վերջին տուրում Ուրուգվայի և Իտալիայի հավաքականները կենաց ու մահու կռիվ կտան փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար: Այսպես կոչված՝ «ֆավորիտների» շարքում իրենց խաղային բովանդակությամբ դեռևս արժանավայել տեսք ունեն Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականները, սակայն խմբային փուլի երկրորդ տուրի խաղում հոլանդացիները այդքան էլ տպավորիչ չէին ավստրալացիների դեմ խաղում` չնայած, որ Իսպանիայի հետ խաղում Լուի վան Գալի թիմը չեմպիոնական խաղ ցուցադրեց: Գերմանացիները առաջին խաղում «քարը քարի վրա» չթողեցին Պորտուգալիային: Այսօր գերմանական անխափան «մեքանան» իր խաղային կատարյալ ունակությունները կփորձի ցուցադրել Գանայի դեմ մրցավեճում: Առաջնությունից առաջ շատ էին խոսվում նաև կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների հավակնությունների մասին: Բնականաբար, այս երկու հավաքականները, անկախ ամեն ինչից, միշտ էլ պայքարում են ամենաբարձր տեղերի համար, սակայն նրանց ցուցադրած խաղը դեռևս չի համապատասխանում այն սանդղակին, որով առաջնությունից առաջ այդ թիմերի խաղը չափում էին բազմաթիվ փորձագետներ և ֆուտբոլասերներ: Ակնհայտ երևում է, որ վառ հարձակողական ֆուտբոլ դավանող Բրազիլիայի հավաքականը Սկոլարի օրոք վերածվել է պրագմատիկ խաղ ցուցադրող կոլեկտիվի, որը առնաձնապես չի փայլում հարձակողական գործողություններով, սակայն կարողանում է արդյունք ապահովել: Խմբային փուլի առաջին երկու խաղերից հետո աշխարհի հնգակի չեմպիոնների խաղը, մեղմ ասած, չի տպավորում: Ինչ վերաբերում է արգենտինացիներին, ապա Բոսնիայի դեմ խաղում նրանց խաղը բազմաթիվ հարցականներ առաջացրեց: Իհարկե, Բոսնիայի հավաքականը նվեր չէ, սակայն Սաբելիայի սաները չցուցադրեցին խաղային այնպիսի որակներ, որոնցով թիմը ի զորու կլինի բազմել համաշխարհային ֆուտբոլի գահաթոռին: Այս առաջնությունում ոչինչ չի կարելի բացառել, քանի որ մրցաշարի ընթացքը ցույց է տալիս, որ չկան ֆավորիտներ և հետնապահներ: Եվ առհասարակ ֆավորիտ կոչվածը ավելի շատ բուքմեյքերական հասկացություն է և, ի ուրախություն ֆուտբոլասերների, այն դեռևս երկրորդ պլան է մղվում: Իսկ ֆուտբոլն առաջին հերթին գեղեցիկ է իր անկանխատեսելիությամբ: Այնպես, որ ընթացիկ Մունդիալը որակական առումով խոստանում է դառնալ լավագույններից մեկը: [b] ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր