211652_close_icon
views-count1576 դիտում article-date 09:36 21-06-2014

Հայաստանի արտաքին քաղաքականության ֆիասկոյի հետևանքները․ 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջին հայացքից` սահմանում զինվորների սպանություններն արտաքին քաղաքականության հետ ուղղակի կապ չունեն: Իրականում, սակայն, դրանք հենց արտաքին քաղաքականության ֆիասկոյի հետեւանք են: Որովհետեւ, ինչպես ցույց է տալիս փորձը, ադրբեջանական գրեթե բոլոր դիվերսիաները ու նրանց կողմից հայ զինվորներին ուղղված դիպուկահարների կրակահերթերը չեն լինում պատահաբար, հենց այնպես: Դրանք նախորդում կամ հաջորդում են արտաքին քաղաքականության ասպարեզում տեղի ունեցած կամ ունենալիք որեւէ իրադարձության: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այս շաբաթ Երկու օր առաջ Ադրբեջան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով Բաքվում մի շարք հայտարարություններ է արել ռուս-ադրբեջանական ռազմավարական բարեկամության, Ռուսաստանի համար Ադրբեջանի ունեցած կարեւորության մասին: Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լավրովն ադրբեջանական հողում հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու է առանց հայկական հողի մի մասի՝ Լեռնային Ղարաբաղի, որն ադրբեջանցիները ոչ միայն համարում են իրենցը, այլ կարողացել են դա պարտադրել նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցներին: Այսինքն՝ Լավրովը Բաքվում Ադրբեջանին հերթական քարտ բլանշը տվեց, որն այդ երկիրն առաջին հերթին օգտագործեց կրկին հայ զինվորներ սպանելու համար: Ի՞նչ է անելու Հայաստանի արտգործնախարարությունն այս անգամ: Ոչինչ էլ չի անելու: Առավելագույնը` դատապարտելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի վրա ստվեր նետելու ադրբեջանական փորձերը: Որովհետեւ չի կարողանալու հասնել նրան (եթե, իհարկե, գոնե փորձի), որ տեղի ունեցածը դատապարտեն գոնե ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ դրանում ներկայացված երկրները: Դատապարտելու դեպքում էլ նրանք կոչ են անելու զերծ մնալ սահմանագծում լարվածությունն ավելացնելուն ուղղված քայլերից: Կոչ են անելու երկու կողմերին, այսինքն՝ նաեւ Հայաստանին»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր