211652_close_icon
views-count1604 դիտում article-date 13:37 19-06-2014

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ, այնուհետ հյուրընկալվել «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում. ֆոտոշարք

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի Նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները: Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առևտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն: Հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահի և Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»: Վրաստանի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում: Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր