Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացել է կենտրոնի ասմունքի խմբակի բաց դասը, որը նվիրված էր աշնանը: Տարվա այս եղանակը երգել ու տարբեր ժանրի ստեղծագործություններ են նվիրել հայ պոետական գրչի նվիրյալները: Եվ ահա խմբակի ուսուցչի անբասիր աշխատանքով 13 հայ դեռահասներ դահլիճում հավաքվածներին նվիրեցին հայ գրականության այդ գոհարների գեղարվեստական ընթերցումը:
Հայոց և այլալեզու դպրոցների սաները, որոնցից շատերը հայերենը սովորել են կենտրոնի կիրակնօրյա դպրոցներում, փայլուն արտահայտչականությամբ հնչեցրին Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և այլոց հոգեհմա ստեղծագործությունները:
Երախտիքի խոսքեր ուղղելով խմբակի մասնակիցներին և խմբակի ղեկավարին նպատակային մեծ աշխատանքի համար, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կարևորեց խոսքի զարգացման անհրաժեշտությունը հայ դեռահասի մոտ:
Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը: