1047 դիտում
22:44 18-06-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Համառոտ կերպով ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: «Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմինը Երևանի ավագանին է, որն ընտրվում է երևանցիների կողմից, կառավարման մեր քաղաքականությունն էլ, ըստ այդմ, հենվում է բնակիչների հետ սերտորեն համագործակցելու և բարձրացվող խնդիրներին հետզհետե լուծում տալու վրա:
Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրն էլ, մեծ հաշվով, նաև մշակվել է երևանցիների կողմից հրատապ դիտարկվող խնդիրներին լուծում տալու առաջնահերթությամբ, ընդ որում, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ Երևանում առկա բազում խնդիրներ տասնամյակների պատմություն ունեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ նաև իրականացվում են ընթացիկ և հեռանկարային ծրագրեր, որոնք կապահովեն մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետը առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ: «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն Պետցոլդ, ակնկալում եմ, որ նաև Ձեր և պարոն դեսպանի գործուն աջակցությամբ գործընկերային կապեր կհաստատենք Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և գերմանական քաղաքների միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան: «Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա այստեղ, արդեն իսկ խոսուն վկայությունն են այն բանի, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար:
Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ իմ կողմից կանեմ հնարավորը գերմանական քաղաքների և Երևանի միջև գործընկերային համագործակցություն ձևավորելու ուղղությամբ»,-նշել է Մարտին Պետցոլդը: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ևս ողջունել է գերմանական քաղաքների հետ գործընկերային սերտ կապեր հաստատելու Երևանի քաղաքապետի դիրքորոշումը և իր հերթին վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի հնարավորին կարճ ժամանակում այդ հարաբերությունները ձևավորելուն և զարգացնելուն:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
2241 դիտում
18:16 13-10-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքի քաղաքապետ Անդրո Կրստուլովիչ-Օպարայի հետ
3837 դիտում
21:10 22-12-2017
Մոսկվայում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ
Այս բաժնից
1177 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4651 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած