211652_close_icon
views-count3299 դիտում article-date 14:48 06-06-2014

Կենտրոնի դատարանում սկսվեց լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանության բարձրաստիճան սպայի դատավարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ մեղադրվող 61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատական նիստը նախագահում էր նշված դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Խաչիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք, որտեղ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապի է դուրս եկել դեսպանության աշխատակից, ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ՝ առաջարկելով իր ծառայությունները։ Վերջինիս միջնորդությամբ արդեն 2013 թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մախմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով հանդիսացել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից։ Խաչիկ Մարտիրոսյանը նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ հավաքել տվյալներ ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, Infiniti մակնիշի արծաթագույն ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ, որն, ինչպես հետագայում պարզվել է, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ինչպես նաև նրա սիրուհու կենսորոշիչ տվյալների ու բնակության հասցեի վերաբերյալ։ Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 20-ին նա Թբիլիսի քաղաքում Մախմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինա Սարգսյանի տվյալները, ում չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Արշակ Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով վարկաբեկելու նպատակով, իսկ 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է «Азербайджанская развeдка в Ереване» (Ադրբեջանական հետախուզությունը՝ Երևանում) վերնագրով հոդվածը։ Այդ տվյալների փոխանցման ժամանակ Խ. Մարտիրոսյանը ստացել է 2-րդ առաջադրանքը, այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինամթերքի, դեղորայքների թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև հավաքել տեղեկատվություն Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։ Նշված առաջադրանքը ստանալուց հետո նա հեռախոսի միջոցով կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռևս չէին կատարել առաջին հանձնարարության համար տրված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու խոստումը: Ամբաստանյալը ծանոթ չէր մեղադրանքին, և դատական նիստը հետաձգվեց: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր