211652_close_icon
views-count1351 դիտում article-date 22:37 05-06-2014

Կներդրվի բուժաշխատողների մշտական մասնագիտական զարգացման նոր համակարգը

ՀՀ կառավարությունը հունիսի 4-ին քննարկել և հավանության է արժանացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը: Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգը հաջողությամբ իրականացվում է մի շարք երկրներում: Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել և պատրաստվում է համագործակցել հեղինակների հետ՝ փաստաթղթերի հնարավոր լրամշակման հարցում: Վերոնշյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման միջոցով բուժաշխատողների մասնագիտական ունակությունների և գիտելիքների բարձրացման եւ բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի անընդհատ բարելավման անհրաժեշտությամբ: Հայտնի է, որ բուժաշխատողների մասնագիտական կրթության եւ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների առողջապահական համակարգերի զարգացման եւ բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը նպաստում է բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, հիվանդացության եւ մահացության նվազեցմանը եւ այլ առողջապահական ցուցանիշների բարելավմանը: Բազմաթիվ զարգացած երկրներում սահմանված է ՇՄԶ համակարգին անցնելու ընդհանուր պահանջներ, մասնավորապես՝ բուժաշխատողների համար պարտադիր է համարվում տեսական գիտելիքների զարգացումը մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին մասնակցության միջոցով, գործնական հմտությունների զարգացումը գիտագործնական միջոցառումներին մասնակցության միջոցով, ինչպես նաեւ ինքնազարգացումը` օրինակ առցանց դասընթացների մասնակցության միջոցով, ինչի գնահատման համար սահմանված է կրեդիտային համակարգ: Վերոնշյալ միջոցառումները կազմակերպվում են բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների կամ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից: ՇՄԶ պահանջները չկատարելը կարող է ունենալ տարբեր հետեւանքներ՝ նախազգուշացումից մինչեւ մասնագիտական գործունեության թույլտվության կասեցում կամ ետ կանչում։ Հաշվի առնելով, որ շարունակական մասնագիտական զարգացումը համարվում է որակյալ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, հիվանդին չվնասելու եւ նրա առողջական խնդիրներն անհրաժեշտ մակարդակով լուծելու համար պարտադիր պայման, անհրաժեշտ է Հայաստանում ևս ներդնել վերոնշյալ համակարգը, ինչի կապակցությամբ մշակվել եւ ներկայացվում է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջիկայում օրենքների նախագիծը պետք է ընդունվի, ապա կյանքի կոչվի Ազգային ժողովում:

Նմանատիպ նյութեր