1427 դիտում
10:34 05-06-2014
ՀԱԿ-ը մեղադրում է փաստաբանին, փաստաբանը՝ ՀԱԿ-ին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակ Կարապետյանը երեկ բողոք է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին ընդդեմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի, որը պաշտպանել է ակտիվիստի շահերը: Արտակ Կարապետյանն այն ՀԱԿ ակտիվիստների թվում էր, ով 2011թ. օգոստոսին Կարապի լճի մոտ բախում ունեցավ ոստիկանների հետ, իսկ հետագայում Տիգրան Առաքելյանի և մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց: Նրան մեղադրեցին խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ և կալանավորեցին: Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց գրավով՝ 3 մլն դրամի չափով, ապա 2013թ. հոկտեմբերին համաներմամբ ազատեցին պատժից: Սակայն մինչ օրս Արտակ Կարապետյանին չի հաջողվել հետ ստանալ գրավի գումարը, որը նա պարտքով վերցրել էր հարազատներից, և որը պետությունը ետ է վերադարձնում դատական գործընթացից հետո:
Նա վստահեցնում է, որ գումարը դուրս է գրել իր շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը նաև ՀՀՇ վարչության անդամ է: «Ես այդ գումարը վերցրել էի կնոջս հորից,- պատմում է Արտակը:- Փետրվարի կեսերին, երբ վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել, դիմեցի նրան փողը ստանալու համար: Բայց նա մոտ մեկ ամիս ձգձգեց գումարը բանկից ստանալու գործը: Ինձ ասում էր, որ ինչ-որ փաստաթղթեր է պատրաստում, ինչ-որ պրոցես է սկսել, որ ես ստանամ իմ փողը: Հետո կնոջս հայրն այլ ճանապարհով ճշտեց, որ գումարը դուրս է գրված բանկից, և Վարդուհի Էլբակյանն ավելի քան մեկ ամիս առաջ ստացել է այն»:
Արտակ Կարապետյանը փորձել է պարզաբանումներ ստանալ Վարդուհի Էլբակյանից, բայց, ի պատասխան, անհասկանալի պատճառաբանություն է ստացել, թե ՀԱԿ-ն իրեն գումար էր պարտք, և այդ փողը նա վերցրել է պարտքի դիմաց: «Քանի որ ես ՀԱԿ համակիր էի, և իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում էր քաղաքական բնույթ, բնականաբար, առաջին իրավական օգնությունն ինձ ցուցաբերեց ՀԱԿ-ը: ՀԱԿ ղեկավարներն իմ փաստաբանին են տրամադրել 3 մլն ՀՀ դրամ՝ ՀԱԿ իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի միջոցով: Նա Վարդուհի Էլբակյանի հետ եղել է «Հայէկոնոմբանկ»-ում և կատարել է վճարումը: Նույն օրը, նրանց օգնությամբ, իմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի ձեռքով գումարը վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին»,- պատմում է Կարապետյանը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից նա խնդրում է կարգապահական վարույթ հարուցել Վարդուհի Էլբակյանի դեմ, բայց մինչև նրան դիմելը փորձել է պրոբլեմը հարթել ընդհանուր ընկերների միջոցով: Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ ոչ թե ՀԱԿ-ն է 3 մլն դրամը որպես գրավ վճարել, այլ ինքը, իր անձնական գումարներից»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»