211652_close_icon
views-count2268 դիտում article-date 10:48 03-06-2014

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն արդեն նոր ռեկտոր ունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն արդեն նոր ռեկտոր ունի՝ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով միակ թեկնածուն էր այս պաշտոնի համար և դեռ մեկուկես ամիս առաջ նշանակվել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Երեկ, ժամը 12-ին նախանշված ընտրությունը կես ժամ ուշացավ, պարզվեց՝ խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության է նախագահի մոտ։ Միակ անակնկալն էլ, թերևս, այն էր, որ լրագրողներին ներս չթողեցին՝ ընտրության ընթացակարգը լուսաբանելու համար, պարզաբանելով, թե դա կանոնադրության և խորհրդի նախագահի որոշումն է։ Արդյունքում ընդամենը օպերատորներին թողեցին մի քանի կադր անել նիստի սկզբում։ Զարմանալին այն է, որ այդ նույն կանոնադրությունը 2-3 տարի առաջ Մազմանյանի ռեկտոր ընտրվելու ժամանակ խոչընդոտներ չէր առաջացրել, և լրագրողները ներկա էին գտնվել ընտրական պրոցեսին։ Հակառակ դեպքում դա նշանակում է, որ ամեն տարի կանոնադրություն է փոխվում, և բաց ընտրությունը, երբ որ պետք է, կարող է դառնալ նաև փակ ընտրություն։ Հետո, լրագրողների հետ շփման ընթացքում, Դավիթ Մուրադյանն իր կողմից նկատեց, որ ինքը ոչ մի խնդիր չուներ և բոլոր լրագրողներին էլ ներս կհրավիրեր, միայն թե այդ պահին դեռ չուներ այդ լիազորությունները։ Ի վերջո, հանձնաժողովի ամփոփիչ արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդի 24 անդամներից նիստին ներկա էր 21-ը, ինչի արդյունքում 1 դեմ, 1 անվավեր և 19 կողմ ձայներով Թատերականի նոր ռեկտոր դարձավ Դավիթ Մուրադյանը, ով ընտրվելուց հետո ընդգծեց, որ սա իր ամբողջ կենսագրության հետ կապված վայր է, որտեղ դասավանդում է արդեն 20 տարի. «Այնպես որ, ես իմ տնից ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես այդ տան պատասխանատվությունն է, և այդ պատասխանատվությանը կփորձեմ լինել արժանի»։ Անդրադառնալով իր հայեցակարգին՝ Մուրադյանը նշեց, որ դրանում ընդգրկված կետերը վերաբերում են թե ուսումնագիտական, ուսումնակրթական պրոցեսին, թե ինստիտուտի նյութատեխնիկական բազային, թե միջազգային կապերին. «Եթե ավելի գործնական լինենք, ապա մեր ինստիտուտի տարածքում կիսանկուղային մոտավորապես 500 քմ տարածք ունենք, որտեղ նպատակ կա հիմնադրելու ուսումնական կինո-հեռուստաստուդիա՝ իր բոլոր անհրաժեշտ արտադրատեխնիկական պայմաններով»։ Ինչ վերաբերում է այսօրվա շուկային, ասաց, որ փորձելու է այնպես անել, որ մշակույթը շուկա թելադրի և ոչ թե հակառակը։ Իսկ այդպես կլինի այն ժամանակ, երբ այս կրթօջախից դուրս եկող մարդիկ էլ լինեն մշակութային արժեհամակարգով մարդիկ։ Մուրադյանը նշեց, որ նպատակ ունի նաև ուսանողական մշտապես գործող ստացիոնար թատրոն հիմնադրել, որը կգործի այնտեղ ու այն ժամանակ, երբ Համազգային թատրոնը կտեղափոխվի նոր շենք։ Անդրադառնալով Թատերական ինստիտուտի մոտ 70 մլն-ի հասնող պարտքին, Դավիթ Մուրադյանը նշեց, որ ինքն ընդունել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն այն ժամանակ, երբ կառավարությունն այդ պարտքերի գլխավոր մասն արդեն փոխհատուցել էր. «Այնտեղ փոքրիկ վարկային պարտք կար՝ ավտոմեքենայի հետ կապված, բայց դա էլ աստիճանաբար մարում ենք, այլ խնդիր, ըստ էության, չկա»։ Մուրադյանը չի կարող ասել, թե ինչու այլ մարդիկ դիմում-հայտ չներկայացրին այս պաշտոնի համար, միայն ասում է, որ ինքը նախավերջին օրն է իր գործերը ներկայացրել, իսկ մինչ այդ դաշտն ազատ է եղել։ Ապա, անդրադառնալով շրջանառվող հավանական թեկնածուների անուններին, նշեց, որ նրանց մեջ կային շատ մեծ պոտենցիալով ու հեղինակությամբ մարդիկ. «Ես մի առիթով ասել եմ, որ կաշխատեի այն բուհում, որը ղեկավարում է Ռուբեն Բաբայանը կամ Հակոբ Ղազանչյանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր